211652_close_icon
views-count1152 դիտում article-date 20:48 25-11-2022

Շվեյցարիայի կառավարությունը 960 հազար ֆրանկ կհատկացնի Հայաստանի սահմանամերձ համայնքներին աջակցելու նպատակով

Նոյեմբերի 23-ին Շվեյցարիայի կառավարությունը հաստատել է Հայաստանին որպես օգնություն 960 հազար շվեյցարական ֆրանկի հատկացումը, որպեսզի աջակցի սահմանամերձ համայնքներին՝ մեղմելու վերջին ռազմական բախումների ազդեցությունը։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, «Հայաստանի սահմանամերձ համայնքների տոկունություն և տնտեսական վերականգնում - REBCA» ծրագրի շրջանակում, որպես իրականացնող կողմ համագործակցելով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) հետ՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով, Շվեյցարիան անհապաղ մարդասիրական և երկարաժամկետ տնտեսական աջակցություն է ցուցաբերում Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերին։

12 ամիս տևողությամբ REBCA մարդասիրական ծրագիրը կպաշտպանի և կվերականգնի Հայաստանի տարածքում սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանց կացարանները և տնտեսական ռեսուրսներ կտրամադրի ճգնաժամային իրավիճակների նկատմամբ դիմադրողականությունը բարելավելու համար:

Ծրագրի թիրախում են Վարդենիս (Գեղարքունիք), Սիսիան (Սյունիք) և Ջերմուկ (Վայոց ձոր) խոշորացված համայնքների հակամարտությունից տուժած 15 սահմանամերձ բնակավայրեր, որոնց ավելի քան 1000 տնային տնտեսությունների կարիքներին ուղղակի արձագանքում կլինի։

Շվեյցարիայի կողմից ֆինանսավորվող REBCA ծրագիրը համատեղ մշակվել և իրականացվում է WFP-ի կողմից` Վորլդ Վիժն Հայաստան (WVA) կազմակերպության, Մանկական զարգացման հիմնադրամի (CDF) և Ռազմավարական զարգացման գործակալության (SDA) ներգրավմամբ։

Ծրագրին կաջակցեն նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և ընտրված թիրախային տարածաշրջանների տեղական իշխանությունները:

Նմանատիպ նյութեր