Անդրանիկ Քոչարյանը և Վահագն Ալեքսանյանը մասնակցում են ՆԱՏՕ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին
Սույն թվականի նոյեմբերի 18-21 Մադրիդում ընթանում են ՆԱՏՕ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքները: ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ նույնպես մասնակցում է խորհրդարանական վեհաժողովի 68-րդ ամենամյա նստաշրջանին:
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից հայտնում են, որ Անդրանիկ Քոչարյանը և պատվիրակության անդամ` պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մասնակցում են Տնտեսական և անվտանգության հարցերի, Քաղաքական, Գիտության և տեխնոլոգիայի, Ժողովրդավարության և անվտանգության, ինչպես նաև Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստերին: Նշված հանձնաժողովների նիստերին այս անգամ մասնակցում է նաև «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը:
ՆԱՏՕ ԽՎ-ի նիստերին ՀՀ ԱԺ պատվիրակության հետ մասնակցում են նաև Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար Արման Իսրայելյանը և Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի տեղակալ Արթուր Հակոբյանը: