211652_close_icon

Երևանի 2023թ. բյուջեի ու զարգացման ծրագրի նախագծերը ներկայացվում են հանրային քննարկման

views-count707 դիտում article-date 12:07 16-11-2022
Երևանի 2023թ. բյուջեի, քաղաքի զարգացման ծրագրի, ինչպես նաև համայնքում տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի, դրանց արտոնությունների մասին ավագանու որոշման նախագծերը ներկայացվել են հանրային քննարկման: Հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Երևանի քաղաքապետին կից քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստում առանձնացնելով ոլորտային առաջնահերթությունները՝ նշվել է, որ 2023թ. բյուջեի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը նախատեսվել է 105,103,316.6 հազ. դրամ: Եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 38,799,938.7 հազ. դրամ: Այստեղ աճի դինամիկան պահպանվում է. 2019 թվականից այն աճել է շուրջ 62.0%-ով:

Համայնքային բյուջեն հաջորդ տարի կուղղվի կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության, շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներին: Խոշոր ծրագրերից է մանկապարտեզների ու առողջապահական հիմնարկների հիմնանորոգումը, վերելակների փոխարինումը, հանգստի գոտիների և զբոսայգիների կառուցումը, բակային տարածքների ու խաղահրապարակների բարեկարգումը: Քաղաքի զարգացման նախագիծը համալրվել է նաև նոր՝ «Կլիմայի փոփոխության ազդեցության մեղմանն ու հարմարվողականությանն ուղղված ծրագրերով»:

Նիստը վարող քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ընդգծել է, որ զարգացման ծրագրի հիմնանպատակը, հաշվի առնելով առկա հիմնախնդիրները, քաղաքային զարգացման ուղղությունները նախանշելն ու այս ուղղությամբ հաջորդ տարի հստակ ծրագրային առաջընթաց ունենալն է:

Ծանոթանալ նախագծերին և առաջարկություններ ուղարկել հնարավոր է նոյեմբերի 30-ը ներառյալ www.yerevan.am, www.e-draft.am կայքերով, էլեկտրոնային փոստով ([email protected], [email protected], [email protected]), ինչպես նաև գրավոր ներկայացնել քաղաքապետարան:

Նոյեմբերի 24-ին՝ ժամը 15.00-ին, Երևանի քաղաքապետարանում (Արգիշտիի փողոցի հ. 1 հասցե) կանցկացվի հանրային բաց լսում: Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես՝ մինչև նոյեմբերի 23-ը ներառյալ, առձեռն կամ առցանց ներկայացնել դիմում: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 011 514-227 հեռախոսահամարով:

Նմանատիպ նյութեր