211652_close_icon
views-count951 դիտում article-date 19:33 14-11-2022

ՀՀ նախագահը ԵԱՀԿ ԽՎ երիտասարդների պատվիրակությանը դրվագներ է ներկայացրել ԼՂ հակամարտության սկզբնավորման վերաբերյալ

Հանրապետության նախագահ Վահագն խաչատուրյանը հյուրընկալել է ԵԱՀԿ ԽՎ երիտասարդական ցանցի պատվիրակներին: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունելով հյուրերին՝ նշել է, որ կարևորում է երիտասարդների ներգրավվածությունը խորհրդարանական դիվանագիտության կայացման գործընթացներում:

Հանդիպման ընթացքում  նախագահը Խորհրդարանական վեհաժողովի երիտասարդ պատվիրակներին դրվագներ է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության սկզբնավորման և բովանդակության վերաբերյալ: Անդրադարձել է հիմնախնդրի կարգավորման ներկայիս հնարավորություններին:

Նախագահ Խաչատուրյանն իր խոսքում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման առաջին տարիներին և նշել, որ հենց այդ շրջանում Հայաստանը որոշեց շարժվել ժողովրդավարության և ժողովրդավարական ինստիտուտների կայացման ուղիով և ներկայումս էլ հետևում է նույն ճանապարհին, անշուշտ, հաղթահարելով նաև բազմաթիվ դժվարություններ և խոչընդոտներ:

Անդրադառնալով տարածաշրջանային իրողություններին՝ նախագահը շեշտել է, որ Հայաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասում կայուն և երկարատև խաղաղության հասնելու հարցում միանշանակ է և այլընտրանք չունի:

Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարին. «Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում շատ պարզ է, մենք հակված ենք առանց որևէ նախապայմանի սահմանների բացման և հաջորդիվ նաև դիվանագիտական հարաբերությունների հաստատման, շուրջ 13 տարի առաջ նման հնարավորություն կար, սակայն հանգամանքների բերում չստացվեց, այս անգամ, հուսանք, որ կկարողանանք արդյունքի հասնել»,- նշել է նախագահը:

Հանդիպմանը Խորհրդարանական վեհաժողովի երիտասարդ պատվիրակները շնորհակալություն են հայտնել հյուրընկալության համար և նշել, որ տպավորված են Հայաստան կատարած իրենց այցելությունից և առաջիկայում էլ կփորձեն սերտացնել հարաբերությունները:

Նմանատիպ նյութեր