211652_close_icon
views-count1108 դիտում article-date 23:45 11-11-2022

Գիտություն, տեխնոլոգիա, մշակույթ. տոնական ցուցահանդես՝ Գիտության համաշխարհային օրվա և ՀՀ ԳԱԱ հիմնադրման օրվա առթիվ

Սույն թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում կազմակերպվել էր տոնական ցուցահանդես՝ նվիրված Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրվան և ՀՀ ԳԱԱ հիմնադրման օրվան:

ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական կազմակերպությունների երիտասարդ գիտնականները դպրոցականներին և ուսանողներին ներկայացրին իրենց գիտական աշխատանքները, կատարեցին գիտափորձեր, ծանոթացրին ժամանակակից սարքավորումների հետ:

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատողները ներկայացրին Տեսլայի կոճը, որն էներգիա է հաղորդում հեռավորության վրա՝ առանց հաղորդալարերի: Ցուցադրեցին լազերային լույսի միջոցով ձայնի հաղորդման համակարգը: Իսկ ցուցափեղկում ներկայացված էին ինստիտուտում աճեցված բյուրեղները, պատրաստված օպտիկական տարրերը և նանոբջիջները:

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի գիտաշխատողները հյուրերին ծանոթացրին մանրէների վերացանքսի մեթոդաբանությանը, ներկայացրին կենտրոնի արտադրանքը՝ «Նարինե» կաթնաթթվային մթերքը, «Էկոբիոֆիդ» կենսաբանական պարարտանյութը, տարբեր յուղեր և նյութեր:

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտնականները ներկայացրին ինստիտուտում ստեղծված Քովիդ-19-ի թեստերը: Ցուցադրեցին երրորդ սերնդի սեքվենատորը, որի միջոցով Քովիդ-19 համավարակի տարածման ժամանակ իրականացվել է գենոմի սեքվենավորում և տարբեր շտամների որոշում:

ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ցուցասեղանին ցուցադրված էին ջրի որակական անալիզի սարքավորումը, հեռազննման համար անօդաչու թռչող սարքը, սննդանյութերի կազմը և կալորիականությունը որոշող «խելացի» կշեռքը:

ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի երիտասարդ գիտնականները ներկայացրին մանրադիտակ, սպիտակուցների անջատման աշտարակ, իմունո ֆերմենտային անալիզի պլանշետ, քաղցկեղածին բջիջների պրեպարատներ:

ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի գիտաշխատողները դպրոցականներին ծանոթացրին հնէաբուսաբանական նմուշների, սերմերի բանկում պահվող սերմերի, ծաղկի փոշեհատիկների հետ:

ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի ցուցասեղանին ներկայացված էին ինստիտուտի գիտնականների կողմից հրատարակված գրքերը: Դպրոցականները ծանոթացան խաղի հետ, որը ցույց է տալիս, որ մաթեմատիկան օգտագործվում է գաղտնագրության մեջ դեռ հնագույն ժամանակներից:

ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ցուցասեղանին ներկայացված էր 3D դիրքի անալիզի և հայտնաբերման ծրագիրը:

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի սաները հանդիպեցին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի անդամ, ՀՀ ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կենդանի լեգենդ Հովհաննես Չեքիջյանի հետ: Մաեստրոն պատմեց իր մանկության մասին, ներկայացրեց իր կյանքի հետաքրքիր դրվագները: Ցուցադրվեցին տեսանյութեր Հովհաննես Չեքիջյանի համերգային ելույթներից:

Գիտության համաշխարհային օրը նշվեց նաև ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական կազմակերպություններում: Անցկացվեցին հատուկ միջոցառումներ, գիտաժողովներ, գիտափորձեր, գիտարշավներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+