211652_close_icon
views-count610 դիտում article-date 18:58 11-11-2022

Ֆրանսիական բարեգործական կազմակերպության հետ քննարկվել է Սյունիքում շարժական կլինիկայի գործարկման ծրագիրը

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հյուընկալել է ֆրանսիական «Elise Care» առողջապահական բարեգործական կազմակերպության ծրագրերի ղեկավար Դարա Թահային ու Հայաստանում կազմակերպության մարդասիրական առաքելության ղեկավար Արմեն Թաշչիին։

Ինչպես տեղեկացնում են մարզպետարանից, նրանց այցի նպատակն էր ներկայացնել առողջապահական այն նախագիծը, որը նախատեսում են իրականացնել Սյունիքում․ «Elise Care»-ը մարզում կտեղադրի շարժական կլինիկա՝ հագեցած բժշկական սարքավորումներով, դեղորայքով ու մասնագետներով, որը կշրջի եւ անվճար առողջապահական ծառայություններ կմատուցի այն բնակավայրերում, որտեղ կլինի դրա կարիքը։ Նման կլինիկա ամռանը կազմակերպությունն արդեն գործարկել է Շիրակում։

Սյունիքի մարզպետը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար ու վստահեցրել, որ թե՛ մարզային իշխանությունները, թե՛ մարզի առողջապահական հիմնարկները պատրաստ են աջակցել ու սերտորեն համագործակցել կազմակերպության հետ՝ կլինիկան հնարավորինս շուտ մարզում տեղադրելու և նրա արդյունավետ գործունեությունն ապահովելու համար։ Ռ․Ղուկասյանը կարևորել է կլինիկայի այցերը հատկապես սահմանամերձ բնակավայրեր։ «Այն, ինչ անում եք մարզի համար, հույժ կարևոր է ու այս պահին պահանջված», – ասել է նա։

Հյուրերը հակիրճ ներկայացրել են նաև «Elise Care» կազմակերպությունը․ այն Փարիզում 2012-ին հիմնադրել է ֆրանսահայ բժիշկ ու բարերար Էլիզ Պողոսյանը, և առողջապահական գործունեություն է ծավալել պատերազմական գոտիներում՝ հրատապ բժշկական ու հոգեբանական օգնություն տրամադրելով մարդկանց։

Նմանատիպ նյութեր