211652_close_icon
views-count1319 դիտում article-date 23:21 10-11-2022

Իսրայելի ԱԳ նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Օրերս Հայոց ցեղասպանության թանգարան այցելած Իսրայելի ԱԳ նախարարության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրասիայի և Արևմտյան Բալկանյան երկրների վարչության ղեկավար Սիմոնա Հալպերինը և Կենտրոնական Ասիայի և Կովկասի բաժնի տնօրեն Միխալ Հերշկովիցը նոյեմբերի 10-ին այցելել են նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի, Իսրայելում ՀՀ դեսպան Արման Հակոբյանի, ՀՀ-ում Իսրայելի դեսպան Յոել Լիոնիի և Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոս Աշոտ Շախմուրադյանի ուղեկցությամբ:

Ինչպես տեղեկանում ենք Հայոց ցեղասպանության թանգարանի տարածած հաղորդագրությունից, հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունն է ներկայացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

Նա անդրադարձ է կատարել նաև անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Իսրայելից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

Հարություն Մարությանը հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում ամփոփված են օտարազգի այն հասարակական, քաղաքական գործիչների, միսիոներների մասունքները, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ թուրքական կառավարության իրագործած հայերի ցեղասպանության: Այստեղ անդրադառնալով ծագումով հրեա ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» գրքին՝ նա նշեց, որ հրեա հետազոտողներից ոմանք համեմատել են Մուսա լեռան և գետտոներում ու նացիստական համակենտրոնացման ճամբարներում հրեաների դիմադրությունները:

Նա նշեց նաև, որ «Հոլոքոստ» տերմինով ժամանակակիցները կոչում էին 19-րդ դարավերջի և 20-րդ դարի սկզբի հայկական կոտորածներն Օսմանյան կայսրությունում՝ հրեաների ցեղասպանությունից տասնամյակներ առաջ:

Այցի ավարտին ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը տիկին Սիմոնա Հալպերինին նվիրեց “International Journal of Armenian Genocide Studies” անգլալեզու գիտական հանդեսի համարներից:

Նմանատիպ նյութեր