Բյուջետային քննարկումների առանցքում են եղել էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման, գազամատակարարման ու էլեկտրոնային հաղորդակցության համակարգերի խնդիրները
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023 թ. բյուջեն 1 միլիարդ 109 մլն դրամ է, որից 80 տոկոսն ուղղվելու է աշխատանքի վարձատրությանը, իսկ շուրջ 16 տոկոսը հանձնաժողովի բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների ձեռքբերմանը: Վերոնշյալ 16 տոկոսի 6,2 տոկոսն ուղղվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» եւ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների կողմից նախորդ տարի իրականացված ներդրումների տեխնիկական աուդիտի ձեռքբերմանը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է ոլորտի բյուջետային ծրագրերը, պատասխանել պատգամավորների հարցերին:
Ներկայացվել են 2023 թ. ընթացքում հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղությունները, մասնավորապես, էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման գործընթացը, գազամատակարարման, էլեկտրոնային հաղորդակցության համակարգերի բարելավմանն ուղղված աշխատանքները:
Հարցուպատասխանի ձեւաչափում Սերգեյ Բագրատյանը կարծիք է հայտնել, որ տարբերակված մոտեցում է ցուցաբերվում արեւային էներգիա արտադրող կայաններին լիցենզիա տրամադրելու հարցում: Արեւային էներգիայի օգտագործման ծավալը մեծացնելը կարեւորել է նաեւ պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ առաջնորդվում են «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով, լիազոր մարմինն է որոշում՝ հաշվի առնելով ենթակառուցվածքի այն հնարավորությունը, թե էներգետիկայի տվյալ ճյուղը ինչ չափաքանակներով է զարգացնելու: «Արեւային կայանների մասով՝ Կառավարության՝ էլեկտրաէներգետիկական համակարգի ռազմավարական ծրագրով նախանշված 1000 մեգավատի շրջանակում մեր կարգավորման եւ սակագնային քաղաքականությունն այնպես ենք վարում, որ այդ 1000 մեգավատի հարցում խնդիր չունենանք: Արդեն 200 մեգավատն ունենք, իսկ մնացած 800 մեգավատը ձեւավորվում է այն մրցութային փաթեթներով, որոնք լիազոր մարմինն իրականացնում է. դա Մասրիկի կայանն է, Այգ կայանն է: Նախանշված հզորությունները, որոնք լիազոր մարմինը հնարավոր է համարում, որ ենթակառուցվածքը կարող է ընդունել եւ անհրաժեշտ է մեր երկրի էներգետիկայի, անվտանգության եւ զարգացման համար, դրանք ապահովում են»,-ասել է բանախոսը:
Պատգամավոր Միքայել Թումասյանն էլ բարձրաձայնել է բազմաթիվ կառուցապատողների մտահոգությունը նոր կառուցվող շենքերը չգազաֆիկացնելու հետ կապված:
Գարեգին Բաղրամյանը տեղեկացրել է, որ խնդիրը քննարկվում է Էկոնոմիկայի նախարարության հետ: Այս պահին Կառավարության որոշման նախագիծ է շրջանառվում, որով նախատեսվում է Երեւան մտնող նոր հզորությամբ 4 գազաբաշխիչ կայանների եւ միջին ճնշմամբ գազատարների կառուցում: Դա կնշանակի, որ տեխնիկական պայմանները կտրամադրվեն տարածքային գազաբաշխիչ կայանների ամենամոտ կետից: