211652_close_icon
views-count1781 դիտում article-date 15:13 23-10-2022

Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչի գյուտի տոնը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իր օրացույցում Սուրբ Խաչին նվիրված չորս տոն ունի՝ Գյուտ Խաչի, Երևումն Սուրբ Խաչի, Վարագա Սուրբ Խաչի և Խաչվերաց, տեղեկացնում է qahana.am կայքը։

Խաչի գյուտի կամ գտնվելու տոնը նշվում է հոկտեմբերի 23-29-ն ընկած կիրակի օրը։

Ըստ ավանդության՝ Քրիստոսի համբարձումից հետո Նրա խաչափայտը գտնվում էր լքված ու մոռացված վիճակում: Հռոմի Կլավդիոս կայսեր կինը` Պատրոնիկեն, լինելով քրիստոնյա, ուխտի է գնում Երուսաղեմ, ուր հանդիպում է այդ ժամանակ Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբոս Տյառնեղբայր առաքյալին: Կայսրուհին փափագում է տեսնել Քրիստոսի գերեզմանը, խաչափայտը և Գողգոթան, սակայն Հակոբոս առաքյալից տեղեկանում է, որ հրեաները Քրիստոսի Խաչը Նրա հետ խաչ բարձրացված երկու ավազակների խաչերի հետ պահել էին Փրկչի գերեզմանում,  ծածկել էին հողով` հսկելով ու արգելելով մոտենալ դրանց: Ուստի նա՝ Հակոբոս Տյառնեղբոր ընկերակցությամբ, այցելում է Տիրոջ գերեզմանին, այն մաքրելուց հետո գտնում է Տիրոջ Աստվածընկալ խաչափայտը՝ դրված ավազակների խաչափայտերի հետ միասին:

Պատրոնիկե կայսրուհու միջամտությամբ խաչերը հանում են հողի տակից և որոշելու համար, թե որն է Քրիստոսինը, դրանց են մոտեցնում մահացած մի աղջկա: Վերջինս Քրիստոսի Խաչի հպումից կենդանանում է: Հակոբոս Տյառնեղբայրը, բոլորին ի տես և ի մխիթարություն, Խաչը բարձրացնում է Երուսաղեմի տաճարում։

Եկեղեցական ավանդության մեջ սա առաջին դեպքն է, երբ Խաչը հանդիսավորապես կանգնեցվում է` փառավորվելով քրիստոնյաների կողմից:

Զաքարիա կաթողիկոսի ճառը` նվիրված աստվածընկալ Սուրբ խաչին, լավագույնս արտահայտում է խաչի խորհուրդը քրիստոնյաներիս կյանքում․ «Այսօր անարատությամբ հարսնացած ընդհանրական առաքելական Եկեղեցին, իր գլուխը գեղավայելուչ պսակով զարդարած ու պճնված, հրճվանքով ու բերկրանքով լցված, նշում է տոնը քառաթևի՝ Աստծո Որդու արյամբ՝ չբթացող կերպով սրված աստվածային նշանի, աշխարհը փրկագործողի, այսինքն՝ աշխարհին կյանք պարգևած, Աստծուն իր վրա ընդունած Խաչի, որ կանգնեցվեց աշխարհի կենտրոնում ու ցոլալով բարձրացավ սուրբ Գողգոթայի վրա։ Իր պահպանիչ ու ամեն ինչին հաղթող զորությամբ թևերը տարածեց բոլոր հեթանոսների վրա»։

Հիսուս խաչվեց «վասն մեղաց մերոց», մարդկության փրկության համար: Կյուրեղ Երուսաղեմացի պատրիարքը գրում է. «Աստծու Միածին Որդին եկավ և մեռավ մեր մեղքերի համար», իսկ Ագաթանգեղոսը այսպես է դիմում Տիրոջը. «Խաչվեցիր Հոր կամքով մեզ համար և մեղքերը սպանեցիր», ուստի խաչի մեծագույն խորհուրդը փրկագործության խորհուրդն է:

Առաքյալը կորնթացիներին ուղղված իր նամակում ասում է․ «Խաչի քարոզությունը կորուսյալներին հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար՝ Աստծու զորություն» (Ա Կորնթացիս 1։18)։ Փրկչի համար ամենքս հավասար եղանք, և Նա երկրի վրա և երկնքում գտնվողներից բոլորին խաղաղություն բերեց խաչի վրա թափված Իր Արյամբ։ Այսպիսով՝ նախկինում մահվան գործիք համարվող խաչը Քրիստոսով պարտության մատնեց մահվանը, դարձավ հաղթության նշան։

Ուրեմն՝ մենք էլ, գիտակցելով խաչի խորհուրդն ու կարևորությունը մեր կյանքում, հավատարիմ լինենք աստվածային պատգամներին։ Հետևե՛նք Քրիստոսի օրինակին՝ խոնարհաբար ապրելով, ազնվորեն կրելով մեր խաչը և  փորձությունների մեջ չուրանալով Փրկչին, Նրա զոհաբերությունը։ Չէ՞ որ Նա Ինքն ասաց․ «Եթե մեկն ուզում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից. որովհետև ով ուզենա փրկել իր կյանքը, պիտի կորցնի այն,և ով որ Ինձ համար կորցնի իր կյանքը, պիտի գտնի այն» (Մատթեոս 16։24)։

Նմանատիպ նյութեր