211652_close_icon
views-count1115 դիտում article-date 18:07 21-10-2022

ԵԱՏՄ - ՀՀ ապրանքաշրջանառությունը 2022թ. հունվար-օգոստոսին հասել է 2,8 մլրդ ԱՄՆ դոլարի. վարչապետի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Երևանում անցկացվող՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին։

Նիստին մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները` Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ակիլբեկ Ժապարովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, ինչպես նաև ԵԱՏՄ-ում դիտորդ պետությունների կառավարությունների ղեկավարները՝ Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Արիպովը և առցանց ռեժիմով՝ Կուբայի Հանրապետության վարչապետ Մանուել Կրուսը։

Հայաստանի վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Եվրասիական միջկառավարական խորհրդի հարգելի անդամներ,

Նիստի հարգելի մասնակիցներ,

Անկեղծորեն ուրախ եմ Երևանում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի շրջանակում Ձեզ ողջունելու հնարավորության համար։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ղրղզստանցի գործընկերներին Միության մարմիններում հաջող նախագահության և այսօրվա օրակարգի մշակման ուղղությամբ ջանքերի համար և բոլորիս մաղթել կառուցողական ու արգասաբեր աշխատանք:

Ողջունում եմ նաև Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Նիգմատի Արիպովին և ևս մեկ անգամ վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ զարգացնելու դիտորդ պետությունների հետ համագործակցությունը համատեղ ծրագրերի իրագործման շրջանակում:

Հարգելի գործընկերներ,

Շարունակելով երեկ նեղ ձևաչափով օրակարգի առանցքային հարցերի շուրջ մեր ունեցած քննարկումները՝ կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել մի շարք արդիական խնդիրների վրա։

Չնայած աշխարհում տիրող քաղաքական լարվածությանը և բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակին՝ Միությունը հետևողականորեն իրականացնում է ինտեգրացիոն օրակարգը՝ խորացնելով մեր երկրների միջև համագործակցությունը։

Համաշխարհային նոր և շարունակական մարտահրավերների պայմաններում ընթացիկ տարում մենք կարող ենք վստահորեն արձանագրել փոխադարձ առևտրի ոլորտում դրական արդյունքների և միտումների առկայությունը։

ԵԱՏՄ-ի կայացման գործընթացում մենք լուրջ հաջողությունների ենք հասել։ Ստեղծվել է տարողունակ ընդհանուր շուկա, նկատելիորեն աճել են փոխադարձ առևտրի ցուցանիշները։

ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն այս տարվա հունվար-օգոստոսին հասել է շուրջ 2,8 մլրդ ԱՄՆ դոլարի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 74 տոկոսով։ Ընդ որում՝ Հայաստանից արտահանումն աճել է 2 անգամ, իսկ ներմուծումը` 58 տոկոսով։

Դրա հետ մեկտեղ, ԵԱՏՄ ընդհանուր շուկայի ընձեռած բոլոր հնարավորությունների դեպքում մենք պահպանում ենք նաև ազգային օրենսդրությունների առանձնահատկություններն ու պահանջները և, անհրաժեշտության դեպքում, ի պատասխան նոր մարտահրավերների, պաշտպանիչ միջոցներ ենք կիրառում մեր ներքին շուկաների համար։

Միևնույն ժամանակ, ինտեգրման առանցքային գաղափարի և սկզբունքի ապահովման՝ ԵԱՏՄ տարածքում 4 ազատությունների լիարժեք իրականացման ճանապարհին, մենք հետևողականորեն և նպատակաուղղված առաջ ենք շարժվում արգելքների վերացման ուղղությամբ։

Ժամանակակից իրողություններում խոչընդոտների վերացումը փաստացի ներքին շուկայի կայունության հարց է, որը չի կորցնում իր արդիականությունը։ Սա շարունակական գործընթաց է, որի արդյունավետությունն ու օպերատիվությունը շատ առումներով կախված են Միության անդամ պետությունների և մարմինների կանոնակարգված աշխատանքից, ինչպես նաև փոխզիջումային լուծումներ գտնելու պատրաստակամությունից։

Կարծում եմ՝ ավելորդ չի լինի ևս մեկ անգամ նշել, որ արդյունաբերական ոլորտը Միության տնտեսական համակարգի գլխավոր ոլորտներից է։

Ժամանակակից տնտեսական մարտահրավերների պայմաններում արդյունաբերական կոոպերացիան և համատեղ արտադրությունների զարգացումը, այդ թվում բարձր տեխնոլոգիական ոլորտում, թույլ կտան մեր երկրներին առավել մրցունակ լինել։

Ներմուծման փոխարինմանն ուղղված համատեղ կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման համաձայնեցված քաղաքականության և մեխանիզմների մշակումը կդառնա մեր սեփական ապրանքների լիարժեք միասնական շուկայի ստեղծման գլխավոր պայմաններից մեկը։

Վստահ եմ, որ ֆինանսական ինստիտուտների ներուժի օգտագործումը և համատեղ ջանքերն առաջիկայում թույլ կտան գործնականում անցում կատարել Միությունում պահանջարկ ունեցող ապրանքների արտադրությանը։

Գործընկերներ,

Մեկ այլ կարևոր և արդիական ուղղություն եմ համարում էլեկտրոնային առևտրի ոլորտը, որի մասնաբաժինն անընդհատ աճում է, քանի որ ժամանակակից աշխարհում թվային հարթակների զարգացումն անխուսափելի և մշտական գործընթաց է։ Համապատասխանաբար, էլեկտրոնային առևտրի ոլորտում արդյունավետ հարկաբյուջետային կարգավորումը մեզ համար գնալով ավելի արդիական է դառնում։

Այս համատեքստում անհրաժեշտ եմ համարում կանոնակարգերի հնարավորինս շուտ ընդունումը և հաջորդիվ չհամաձայնեցված հարցերի քննարկումը՝ նպատակակետ երկրում հարկման սկզբունքների վրա հիմնված հուսալի կարգավորող համակարգ ձևավորելու նպատակով։

ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման շրջանակում մենք հանդես ենք գալիս տեղեկատվական համակարգերի զարգացման ժամանակակից լուծումների օգտին և պատրաստ ենք առավելագույնս ակտիվ ներգրավվել այդ գործընթացներին։

Վստահ եմ, որ ՏՏ ոլորտում հետևողական քայլերի ձևավորումը, որոնք նախատեսված են մինչև 2027 թվականը Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման նպատակային ծրագրով, ռազմավարական հիմք կծառայի չափազանց բարձր պահանջարկ ունեցող թվային լուծումների հասնելու համար:

Ինչ վերաբերում է էներգետիկ ոլորտում Եվրասիական տնտեսական միության ընդհանուր ճյուղային շուկաների ձևավորմանը, ապա դա դառնում է ոչ միայն ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի դրույթների կատարման խնդիր, այլև տնտեսական ինտեգրման ներուժի իրացման և արդյունաբերության ոլորտի լիարժեք զարգացման ռեսուրսային հարթակի անհրաժեշտ պայման։

Այս համատեքստում մենք պատրաստ ենք Միության բոլոր անդամ պետությունների շահերի հաշվի առնման և փոխըմբռնման վրա հիմնված կառուցողական երկխոսության՝ գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագրի նախագծի որոշ դրույթների կարգավորման ուղղությամբ, որի իրականացումը թույլ կտա անդամ պետություններին ամբողջ ծավալով օգտվել գազի ընդհանուր շուկայի առավելություններից։

Հակառակ դեպքում, ԵԱՏՄ անդամ երկրները մինչև երկկողմ համաձայնագրերի ավարտը չեն կարողանա օգտագործել գազի ընդհանուր շուկայի ներուժը։ Իհարկե, սա շատ զգայուն թեմա է, և մեզ բոլորիս անհրաժեշտ է հասկանալ գնային հորիզոնի շրջանակը առնվազն միջնաժամկետ հեռանկարում։

Նիստի հարգելի մասնակիցներ,

Այսօր ջերմոցային գազերի կրճատման կամ ածխածնային չեզոքության հարցերը հաստատուն կերպով մտել են ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական և առևտրային օրակարգեր՝ թելադրելով տնտեսական զարգացման ողջ մոդելի վերաիմաստավորման և դեպի ավելի կայուն ու ցածրածխածնային տնտեսության անցնելու քայլերն արագացնելու անհրաժեշտությունը։

Հռչակագրային ուղուց ավելի գործնականի անցնելու տեսանկյունից գոհունակությամբ ցանկանում եմ նշել կլիմայական օրակարգի շրջանակում ԵԱՏՄ անդամ երկրների համագործակցության ճանապարհային քարտեզի առաջին փաթեթի հաստատումը։

Որպես ներդրում կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացման գլոբալ ջանքերում՝ մենք կամավոր կերպով իրականացնում ենք արտանետումների նվազեցման մի շարք միջոցառումներ՝ ըստ Փարիզյան համաձայնագրի դրույթների:

Հարգելի գործընկերներ,

Եզրափակելով, ցանկանում եմ վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ ակտիվորեն համագործակցելու Միության անդամ բոլոր պետությունների հետ՝ ի շահ եվրասիական ինտեգրման առաջմղման:

Վստահ եմ, որ այսօր ընդունված որոշումները կնպաստեն թե՛ եվրասիական ինտեգրման հետագա զարգացմանը և մեր քաղաքացիների բարեկեցության բարելավմանը, թե՛ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։

Հաշվի առնելով, որ Միջկառավարական խորհրդի այսօրվա նիստը այս տարվա ամփոփիչ նիստն է, երախտագիտություն եմ հայտնում 2022 թվականին համակարգված և հետևողական աշխատանքի և արդյունավետ համագործակցության համար։

Շնորհակալ եմ ուշադրության համար և խոսքը փոխանցում եմ Եվրասիական միջկառավարական խորհրդի նախագահ Ակիլբեկ Ուսենբեկի Ժապարովին՝ ընդլայնված ձևաչափով նիստը վարելու համար»։

Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր, մասնավորապես՝ մինչև 2027թ. ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման նպատակային ծրագիրը, ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները, գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորման ուղղությամբ 2021թ. իրականացված միջոցառումները: Խորհուրդն անդրադարձել է 2021թ. ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտրի վիճակին, ներմուծման փոխարինման ուղղությամբ իրականացվող համատեղ նախագծերին, կլիմայական օրակարգի շրջանակում ԵԱՏՄ միջոցառումների առաջին փաթեթին, 2021թ. ԵԱՏՄ երկրների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման և գրանցման հարցերին և այլն:

Նիստի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ ԵԱՏՄ տարածքում գյուղմթերքի պահեստային վկայագրերի տրամադրման, շրջանառության և մարման կանոնների մասին Համաձայնագիրը, որը միտված է Միությունում էլեկտրոնային առևտրի զարգացմանը:

Որոշվել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2023թ. փետրվարին, Ալմաթիում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր