211652_close_icon
views-count53947 դիտում article-date 13:56 21-10-2022

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ջուրը ողողել էր Հերացի, Աբովյան, Կորյուն փողոցները՝ անհարմարություններ պատճառելով վարորդներին ու հետիոտներին․ «Վեոլիա Ջրի» փոխարեն տեղում աշխատում էին Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ժամը 01։00-ից 01։30-ն ընկած ժամանակահատվածում Սարալանջի ճանապարհից դեպի Հերացի տանող հատվածը ողողվել է ջրով։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոսող ջուրը խմելո՞ւ է, ոռոգմա՞ն, թե՞ կոյուղատարի վթարից առաջացած, դեռևս պարզ չէ։ Պարզ է մի բան, որ պատասխանատուն «Վեոլիա Ջուր» ընկերությունն է, որի աշխատակիցների համար ժամը 18։00-ից հետո «կյանքը համարվում է մեռած»։ 

Իսկ ողջ գիշեր մինչև լուսաբաց տեղում ուժեղացված ծառայություն են կատարել Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար՝ Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ, որպեսզի վարորդները ուշադիր լինեն և վթարներ տեղի չունենան։ 

Իսկ այդ ճանապարհին հոսող ջրի պատճառով նշված վայրում վթարի էին ենթարկվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները։

Մինչև լուսաբաց «Վեոլիա Ջուր» ընեկրության պաշտոնյաներից ոչ մի ծպտուն դուրս չեկավ, անգամ այն դեպքում, երբ ջուրը ողողել էր նաև իրենց ընկերությանը պատկանող տարածքը, անհարմարություններ պատճառելով նաև իրենց աշխատակիցներին։ 

Իսկ ջուրը մինչև առավոտյան 10։00-ն հոսում էր ու հասնում Աբովյան և Կորյուն փողոցներ՝ այդ վայրում էլ անհարմարություններ պատճառելով հետիոտներին։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր