211652_close_icon
views-count1082 դիտում article-date 18:49 19-10-2022

Առաջիկայում ԱԺ նիստերը նախատեսվում է եթեր հեռարձակել սուրդոթարգմանությամբ. Ալեն Սիմոնյան

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ ղեկավար կազմի և շահառուների խնդրանքին ի պատասխան՝ հոկտեմբերի 19-ին այցելել է Հայաստանի խուլերի միավորման մշակույթի և սպորտի պալատ:

ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպմանը միավորման նախագահ Մարինե Հարությունյանն ԱԺ նախագահին է ներկայացրել թույլ լսողների և խուլ ու համրերի համայնքին առնչվող օրենսդրական կարգավորում պահանջող որոշ խնդիրներ, որոնց շտկման արդյունքում թույլ լսողների հաղորդակցումն առավել կհեշտանա:

Ներկայացված հարցերի առանցքում են եղել նաև երիտասարդ խուլ-համրերի մասնագիտական կողմնորոշման հարցում պետական հոգածության մակարդակի բարձրացումը, հավասար մեկնարկային պայմանների ստեղծումը: Միավորման անդամները մատնանշել են նաև սուրդոթարգմանիչներ վերապատրաստելու հարցի կարևորությունը և դրա համար նպաստավոր պայմաններ ստեղծելու շուրջ աջակցություն են խնդրել:

Ալեն Սիմոնյանը միավորման ղեկավար կազմի ուղեկցությամբ շրջայց է կատարել շենքում, ծանոթացել պայմաններին: ԱԺ նախագահը ներկայացված խնդիրների լուծման առնչությամբ հանձնարարականներ է տվել իր աշխատակազմին:

ԱԺ նախագահը հանդիպման ավարտին միավորման շահառուներին տեղեկացրել է, որ առաջիկայում ԱԺ նիստերը նախատեսվում է եթեր հեռարձակել սուրդոթարգմանությամբ:

Վերջին տվյալներով՝ Հայաստանում ապրում է լսողական խնդիրներ ունեցող 3000 մարդ:

Նմանատիպ նյութեր