211652_close_icon
views-count1458 դիտում article-date 10:49 12-10-2022

Ֆրանսիան կրկին ակտիվանում է մեր տարածաշրջանում․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ֆրանսիայի Սենատում ներկայացվել է բանաձեւի նախագիծ՝ ուղղված երկրի կառավարությանը:

Ըստ բանաձեւի նախագծի՝ Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանի հարավային ու հարավարեւելյան շրջաններում ադրբեջանական զինուժի կրկնվող ագրեսիան այդ պետության ինքնիշխանության եւ երկու կողմերի միջեւ կնքված զինադադարի համաձայնագրերի խախտում է: Բանաձեւի նախագծի քննարկումը նախատեսված է նոյեմբերի 15-ին։

Նշենք, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները գրեթե ամենօրյա ռեժիմով խախտում են հրադադարը։ ՀՀ ՊՆ-ն երեկ նույնպես հաղորդագրություն էր տարածել, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացվել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:

Կարեւոր է արձանագրել, որ Սենատի քննարկմանը ներկայացվելիք բանաձեւի նախագծում հղում է կատարված 2020 թ. նոյեմբերի 25-ին Սենատի կողմից ընդունված՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին թիվ 26 (2020-2021) բանաձեւին։ Ի դեպ, Ֆրանսիայի Ազգային ժողովը եւս (188 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ) ընդունել էր Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտությանը վերաբերող բանաձեւ։ Արցախի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիան դատապարտող, Արցախի Հանրապետության անկախությանը եւ նրա բնակիչների անքակտելի իրավունքները սատարող շուրջ 150 բանաձեւեր եւ հայտարարություններ էին ընդունվել այդ շրջանում, սակայն մենք չկարողացանք կապիտալիզացնել եւ հայկական շահերի սպասարկմանը ծառայեցնել ադրբեջանական ագրեսիան արձանագրող բանաձեւերն ու արձանագրումները։

Վերադառնալով բանաձեւին՝ նշենք, որ նախագծի հեղինակները կոչ են արել կառավարությանը քննարկել Արցախում մարդասիրական գրասենյակ ստեղծելու հարցը, ինչպես նաեւ բոլոր միջոցներով աջակցություն ցուցաբերել Հայաստանին, մասնավորապես՝ դիտարկելով Հայաստանի պաշտպանունակության հզորացումը՝ նրա տարածքային ամբողջականության ապահովման նպատակով:

Բացի այդ, Ֆրանսիայի կառավարությանը կոչ է արվել անհապաղ որեւէ նախաձեռնություն սկսել՝ երաշխավորելու հայ բնակչության ու Հայաստանի անվտանգությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում, եւ այդ նպատակով միջդիրքային ուժերի տեղակայում միջազգային հանրության հովանու ներքո: Բանաձեւը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու եւ այդ ճանաչումը բանակցությունների գործիք դարձնելու անհրաժեշտությունը՝ տեւական խաղաղություն հաստատելու նպատակով»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր