211652_close_icon
views-count656 դիտում article-date 17:01 10-10-2022

ԳԱԱ-ում անցկացվեց «Արդի հայ թատրոն. նոր միտումներ և հիմնախնդիրներ (1990-2022)» միջազգային գիտական նստաշրջանը

Սույն թվականի հոկտեմբերի 6-7-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի դահլիճում անցկացվեց «Արդի հայ թատրոն. նոր միտումներ և հիմնախնդիրներ (1990-2022)» միջազգային գիտական նստաշրջանը: Տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Գիտական նստաշրջանին մասնակցեցին արվեստագետներ, թատերագետներ Հայաստանից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Ռուսաստանից:

Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանն ասաց. «Ներկայում շատ բան է փոխվել: Թատրոնը, բացի էսթետիկ հաճելի պահեր պարգևելուց, ունեցել է նաև ասելիք: Հենց ասելիքին է վերաբերում փոփոխությունը՝ ինչ էին փորձում ասել նախկինում, ինչ են փորձում ասել այսօր: Ես կարծում եմ, որ հենց այս խնդիրն է, որ կդառնա նստաշրջանի քննարկման նյութը, որը կվերաբերի թատերական արվեստի մակարդակին, նրան, թե ինչ է ասում ժամանակակից թատրոնը՝ արդյոք այն նպաստում է ժամանակակից մարդու վարքի կանոնակարգմանը, դաստիարակությանը, զարգացմանը: Եթե թատրոնը կարողանում է այդ խնդիրները լուծել, ուրեմն կարելի է ասել, որ իր գործն անում է: Լրահույս եմ, որ գիտական նստաշրջանի արդյունքները նոր շունչ կտան մեր ազգային թատրոնին, մեր թատերական գործիչներին»:

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Աննա Ասատրյանը նշեց, որ այս միջոցառմամբ Արվեստի ինստիտուտը սկսում է արդի հայ արվեստի խնդիրներին նվիրված գիտական միջոցառումների շարք: «Մեր արվեստի բոլոր ճյուղերում կան և՛ խնդիրներ, և՛ ձեռքբերումներ: Անհրաժեշտություն կա, որպեսզի կարողանանք համախմբվել ստեղծագործական միությունների հետ և քննարկել մեր խնդիրները, նշել ձեռքբերումները, անդրադառնալ մարտահրավերներին և գտնել լուծման ուղիները», - ասաց Աննա Ասատրյանը: 

Վարշավայի համալսարանի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի թատրոնի և դրամայի հետազոտությունների կենտրոնի ղեկավար Անդրեյ Մոսկվինն ասաց. «Անհրաժեշտ է արձանագրել՝ ինչ է կատարվում թատերական աշխարհում, գտնել լուծումներ առաջխաղացման համար, անել հաջորդ քայլը»:

«Արդի հայ թատրոն. նոր միտումներ և հիմնախնդիրներ (1990-2022)» միջազգային գիտական նստաշրջանը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, Վարշավայի համալսարանի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի թատրոնի և դրամայի հետազոտությունների կենտրոնը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: