211652_close_icon
views-count88243 դիտում article-date 20:10 06-10-2022

Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում. մոտ 15 խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել, 6 կով տեղում սատկել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։45-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 33-ամյա Դավիթ Կ-ն իր վարած ԶԻԼ 4331 մակնիշի կցորդիչով ավտոմեքենայով Թալին-Քարակերտ ավտոճանապարհի 11 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Դավիթ Կ-ն, ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ, 38-ամյա Յուրիկ Ն-ն, 15-ամյա Հասան Ն-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» ԲԿ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Թալինի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագողը հայտնում է, որ բախման հետևանքով բեռնատարը թափքից մասամբ կոտրվել և կողաշրջվել է՝ հայտնվելով ճանապարհի մեջտեղում, իսկ բեռնատարում բարձված խոշոր եղջերավոր անասուններն ընկել են, որոնցից 6-ը սատկել են։

Բարեբախտաբար, թափքում եղած խոշոր եդջերավոր անասունները չեն տուժել։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ճանապարհային ոստիկանության տեսուչներ Թադևոս Սուքիասյանն ու Արայիկ Մանուկյանը։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ: 

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Ալեքսանյանի գլխավորությամբ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են խոշոր եղջերավոր անասունների և սատկած անասունների տիրոջ ինքնությունը։

Դեպքի վայրում վարորդը ոստիկաններին հայտնում էր, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից իր համար վթարային իրավիճակ ստեղծելը։ Այդ տեղեկությունը ոստիկանությունն ու քննչական բաժինը նույնպես պարզում են։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր