211652_close_icon
views-count1929 դիտում article-date 15:21 05-10-2022

ՄԻ պաշտպանը հրապարակել է Հայաստանի վրա վերջին հարձակման հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույցի թարմացված տարբերակը

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Հայաստանի Հանրապետության վրա ադրբեջանական զինված հարձակման հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույցի թարմացված տարբերակը։ Պատրաստվել է նաև հատուկ փակ զեկույց։

Պաշտպանն իր հրապարակային զեկույցում ամփոփել ու վերլուծել է ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված պատերազմական հանցագործությունները, ներկայացրել մեծածավալ փաստահավաք աշխատանքների արդյունքները։

Անդրադարձել է ադրբեջանական սոցիալական ցանցերում տարածվող հայ զինծառայողների նկատմամբ ֆիզիկական բռնության, նվաստացնող վերաբերմունքի, վիրավորանքի և ծաղրանքի, այնպես էլ զոհված զինծառայողների մարմինների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների կադրերին, որոնք բուռն քաջալերման ու գովաբանման են արժանացել ադրբեջանական հազարավոր օգտատերերի կողմից։

Ներկայացվել են նաև Ադրբեջանի կողմից էթնիկ հայատյացության քաղաքականությանը բնորոշ այլ փաստեր։

Պաշտպանն առանձնահատուկ ուշադրության է արժանացրել կին զինծառայողների մարմինների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը փաստող տեսանյութերին, որոնք ակտիվ տարածվում էին ադրբեջանական սոցիալական կայքերում և տարբեր հարթակներում։ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ տեսանյութերի ուսումնասիրությունը թույլ է տալիս փաստել, որ կանանց նկատմամբ բռնությունը, նրանց մարմինների խոշտանգումը կատարվել է ոչ միայն ազգային, այլև գենդերային ատելության շարժառիթով։

Պաշպանը զեկույցում շեշտել է, որ հաճախակի բնույթ է կրել զոհված զինծառայողների մարմինների/մարմինների մասերի հրապարակումներին ուղեկցող «լավագույն հայը մահացած հայն է» և «լավագույն հայուհին մահացած հայուհին է» գրառումները։

Ատելության ու բռնության կոչեր հնչել են ինչպես սոցիալական ցանցերի օգտատերերի, այնպես էլ հասարակական ու քաղաքական գործիչների, պաշտոնյաների կողմից։ Զեկույցում ներկայացվում է նաև, որ ատելության խոսքը քարոզվում ու վերատադրվում է դպրոցներից սկսված մինչև պետական պաշտոնյաների ելույթներով։ Վերլուծված են կոնկրետ օրինակներ։

Պաշտպանի փաստահավաք աշխատանքները և մեդիամոնիտորինգի արդյունքները ցույց են տալիս, որ ադրբեջանական պաշտոնատար անձինք և հասարակական գործիչները ՀՀ իշխանությունների, զինված ուժերի, և նույնիսկ քաղաքացիական անձանց գործողությունների մասին իրենց խոսքում օգտագործում են «հայկական ֆաշիզմ» արտահայտությունը։ Հայաստանի Հանրապետության՝ «ֆաշիստական պետություն» լինելու գաղափարը բազմիցս արտահայտվել է Ադրբեջանի նախագահի կողմից, և հիմնվում է վերջինիս կողմից արվող այն պնդման վրա, որ ՀՀ ներկայիս տարածքը «պատմական ադրբեջանական հողերի» վրա է կառուցված։

Զեկույցում ներկայացվում է նաև դեռևս 2022թ-ի հուլիս-օգոստոս ամիսներին Պաշտպանի փաստահավաք առաքելության կողմից արձանագրված ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակչության ահաբեկման վերաբերյալ հավաստող փաստեր։ Հիմնավորվել է, որ ադրբեջանցի զինծառայողների կողմից խաղաղ բնակչության ահաբեկման ու վնասման գործողությունները, որպես էթնիկ ատելության շարժառիթով պայմանավորված ու հրամանատարության կողմից համակարգված գործողություններ, փաստացի միտված են եղել սեպտեմբերյան ագրեսիայի համար հիմքեր նախապատրաստելուն, քանի որ հիմնականում թիրախավորել են սեպտեմբերին հարձակման ենթարկված համայնքները։

Հրապարակային զեկույցի հաջորդ գլուխներում անդրադարձ է կատարվում մարդասիրական հարցերին, տեղահանված ու ռազմական ակտիվ գոտիներից չտարհանված առավել խոցելի անձանց, սպանված ու վիրավորված քաղաքացիական անձանց, կենսական ենթակառուցվածքներին, շրջական միջավայրին, ինչպես նաև զբոսաշրջությանն ու տնտեսությանը հասցված վնասներին։

Հայ ռազմագերիների արտադատական սպանությունների, զինծառայողների նկատմամբ խոշտանգումների և անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաև զոհված զինծառայողների կտտանքների փաստերը վերլուծված են երկրորդ ոչ հրապարակային զեկույցում և պատշաճ կարգով ներկայացվելու են միջազգային իրավասու կազմակերպություններին և դերակատարներին։

ՄԻՊ գրասենյակ

Նմանատիպ նյութեր