211652_close_icon
views-count2388 դիտում article-date 22:08 01-10-2022

«Ինտերը» պարտվեց «Ռոմային», Մխիթարյանը խաղաց նախկին թիմի դեմ

Իտալիայի առաջնության 8-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» Միլանում ընդունեց «Ռոմային»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը պարտություն կրեց 1:2 հաշվով։

10-րդ րոպեին իր նախկին թիմի դարպասը գրավեց «Ինտերի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն, սակայն VAR համակարգն արձանագրեց խաղից դուրս վիճակ։

30-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Ինտերի» իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն, որին գոլային փոխանցում կատարեց իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան։

9 րոպե անց հավասարությունը վերականգնեց հռոմեական թիմի արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան, որն օգտվեց իտալացի պաշտպան Լեոնարդո Սպինացոլայի փոխանցումից։

75-րդ րոպեին պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հաղթական գոլը խփեց անգլիացի պաշտպան Կրիս Սմոլինգը։ Արդյունավետ փոխանցումը կատարեց իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին։

Մոուրինյոն որակազրկված էր այս խաղում, եւ գլխավոր մարզիչի պարտականությունները կատարեց 34-ամյա իտալացի Սալվատորե Ֆոտին։

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պահեստայինների թվում էր եւ 77-րդ րոպեին փոխարինեց ալբանացի կիսապաշտպան Կրիստիան Ասլանիին՝ խաղալով իր նախկին թիմի դեմ։

«Ռոման» 16 միավորով բարձրացավ չորրորդ տեղ, «Ինտերը» 7-րդն է՝ 12 միավորով։

Նմանատիպ նյութեր