211652_close_icon

«Ամենավաճառվող» քաղաքական ապրանքը. «Առավոտ»

views-count1189 դիտում article-date 10:39 27-09-2022
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երբ ես գրում էի, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իսկ ավելի ճիշտ՝ անձամբ Փաշինյանը, էապես ավելի բարձր վարկանիշ ունի, քան մնացած կուսակցությունները, շատերն ինձ հետ վիճում էին, եւ ասում, որ չեն հավատում Gallup International-ի եւ NDI-ի հարցումներին: Բայց անցած կիրակի կայացած ՏԻՄ ընտրությունները հաստատեցին այդ վարկածը: Ընտրությունների արդյունքները իշխանության կողմնակիցները համարում են ՔՊ-ի համոզիչ հաղթանակ, իսկ հակառակորդները՝ նույն կուսակցության ջախջախում:

Բայց իրականությունն այն է, որ իշխող ուժը համայնքների մոտավորապես կեսում հաղթել է, իսկ մյուս կեսում՝ պարտվել: Դա նշանակում է, որ ընդհանուր գումարով՝ ՔՊ-ն հավաքել է նույնքան, որքան մնացած բոլոր՝ տասնյակից ավելի կուսակցությունները: Այսինքն՝ եթե ՏԻՄ ընտրությունների արդյունքները տարածենք համապետական ընտրությունների վրա, ինչն, իհարկե, գիտական առումով, այնքան էլ կոռեկտ չի լինի, ապա դարձյալ կստացվի, որ ՔՊ-ն ԱԺ ընտրություններում կհավաքի մոտ 50 տոկոս, իսկ մնացած կուսակցությունները՝ 5, 10, 20, առավելագույնը՝ 25 տոկոս:

Պարզ է, որ դա ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներին դուր չի գալիս: Բայց եթե այն ուժերը, որոնց տվյալ քաղաքացիները համակրում են, լուրջ մտադրություններ ունեն, ապա նրանք պետք է ընդունեն իրականությունը, եւ ոչ թե առաջնորդվեն իրենց ցանկություններով եւ երազանքներով:

Իսկ իրականությունն այն է, որ, օրինակ, Իշխանասարում, որի մոտակայքում գտնվում են ադրբեջանական ստորաբաժանումները, բնակիչները ձայն տվեցին ՔՊ-ին: Պատճառների մասին կարելի է բազմաթիվ ենթադրություններ անել՝ նրանց չի հուզում թշնամու ներկայությունը, կամ գուցե՝ նրանք մտածում են՝ թող ադրբեջանցիները լինեն իրենց քթի տակ, միայն թե՝ նախկինները չվերադառնան: Բայց որ բացատրությունն էլ ընտրեք՝ դուք չեք կարող հերքել ակնհայտ իրողությունը:

Սառը, հույզերից զուրկ քաղաքական վերլուծության մեջ չպիտի տեղ գտնեն քաղաքացիների հասցեին մեղադրանքները, առավել եւս՝ վիրավորանքները: Քաղաքական ուժերը պետք է պատրաստվեն հերթական ՏԻՄ, այդ թվում՝ Երեւանի ավագանու, եւ հերթական խորհրդարանական ընտրություններին՝ հաշվի առնելով ստեղծված իրողությունները եւ այն հանգամանքը, որ «ամենավաճառվող» քաղաքական ապրանքը շարունակում է մնալ ատելությունը նախկինների հանդեպ, որը վերջերս հաճախ համեմվում է «5-րդ շարասյան» հասցեին մեղադրանքներով․․․

Ի դեպ, կարող եք հարցնել՝ իսկ որտե՞ղ են ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն: Պատասխանը պարզ է: Դրանք տեղական մակարդակներում սահուն կերպով վերափոխվեցին ՔՊ-ի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր