211652_close_icon
views-count1290 դիտում article-date 16:08 16-09-2022

Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով բռնկված հրդեհային բոլոր օջախները մարվել են. ԱԻՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների առաջին իսկ պահից ԱԻՆ-ի աշխատակազմը բերվել է բարձր պատրաստվածության հատկապես այն հատվածներում, որոնք տուժել են: 

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը տեղեկացրեց, որ Գեղարքունիքի մարզում, մասնավորապես, Վերին Շորժա, Կութ, Սոթք և Այրք բնակավայրերում վնասվել են 195 շենք-շինություններ, այդ թվում, տներ, գյուղապետարանի և դպրոցների շենքեր, բուժկետ, ավտոլվացման կետ, անասնագոմեր և այլ օժանդակ շինություններ:
 

«Ներքին Շորժա, Կութ բնակավայրերում վնասվել են հոսանքալարեր, Վարդենիսում հրետակոծության հետևանքով վնասվել է Չարենցի փողոցը, Կութ գյուղում՝ անձնական ավտոմեքենա: Կարող եմ ասել, որ ամենաշատը Գեղարքունիքի համայնքներն են տուժել»,-ասաց Դավիթ Համբարյանը:

Սյունիքի մարզի Ակներ, Վերիշեն, Քարաշեն, Նորավան և Աղիտու բնակավայրերում վնասվել են 5 շենք-շինություններ, այդ թվում, 4 տուն և 1 հանդիսության սրահ: Վնասվել են Սիսիան և Կապան համայնքների որոշ բնակավայրերը սնուցող էլեկտրամատակարարման գծերը: Հրետակոծության հետևանքով վնասվել են նաև Նորավան-Աղիտու բնակավայրերը կապող ավտոճանապարհը: Կապանում վնասվել են բժշկական կենտրոնի շտապօգնության 2 ավտոմեքենաներ և Նորավան բնակավայրում մեկ անձնական ավտոմեքենա:

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում վնասվել են 9 շենք-շինություններ, այդ թվում, տներ, հյուրատներ, առողջարան, հրշեջ փրկարարական ջոկատի, ինչպես նաև ճոպանուղին սպասարկող վարչական շենքը: Վնասվել են ավտոճանապարհի որոշ հատվածներ, էլեկտրամատակարարման և գազամատակարարման գծեր: Երկու արկ ընկել է Կեչուտի ջրամբար: Այստեղ ևս վնասվել է մեկ անձնական ավտոմեքենա:

Ռազմական գործողությունների հետևանքով նաև որոշ հատվածներում հրդեհավտանգ իրավիճակ էր: Հրետակոծության հետևանքով Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի մի շարք խոտածածկ և անտառապատ տարածքներում բռնկվել էր հրդեհ: Մասնավորապես, Սյունիքի մարզում՝ 5 խոտածածկ տարածք, Վայոց ձորի մարզում՝ 7 խոտածածկույթի և 3 անտառապատ տարածք:   

«Այս պահին կարող ենք ասել, որ բոլոր օջախները մարված են, բացառությամբ մեկ ծխացող հատվածի՝ Ջերմուկի անտառների շրջանում: Այն դիտարկվող տարածք է, անվտանգությունից ելնելով աշխատանքներ չեն իրականացվում, բայց հրդեհ չկա, վտանգ չի ներկայացնում»,-ասաց Դավիթ Համբարյանը:

Նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ ԱԻՆ-ը սահմանամերձ գոտի է ուղարկել հոգեբանների խումբ, ինչպես նաև բուժանձնակազմ, ՊՆ-ի հետ տեղում աշխատանքներ իրականացնելու համար: Գործում է ԱԻՆ-ի 911 թեժ գիծը, հոգեբանական աջակցության կենտրոնը և անհրաժեշտության դեպքում բոլորը կարող են դիմել:  

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր