211652_close_icon
views-count993 դիտում article-date 20:08 06-09-2022

Մեկնարկում են Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումները

2022 թ. լրանում է անվանի երաժիշտ և դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակը, որի շրջանակում մեկնարկում են հոբելյանական միջոցառումները:

Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված Օհան Դուրյանի 100-ամյակի միջոցառումների մեկնարկին: Ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված՝ Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի մյուս անդամներից հասարակական, մշակութային գործիչ Վահան Վարդապետյանը, Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը և «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

«Մաեստրոն բացառիկ էր իր հիշողությամբ, երաժշտության իր իմացությամբ, քաղաքացիական խիզախումներով, անմիջականությամբ, աշխարհի հանդեպ բաց լինելով: Նա քիչ արվեստագետներից էր, որ լիարժեքորեն ընդգրկված էր միջազգային երաժշտական կյանքում. աշխատել է 100-ից ավելի նվագախմբերի հետ և արժանացել ամենաբարձր գնահատանքի,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և հավելել,- շատ եմ ցանկանում, որ 100-ամյակը լինի ոչ միայն Օհան Դուրյանի հիշատակի հանդեպ մեր հարգանքի դրսևորումը, այլև ուղերձ, որ մենք ավելի ուշադիր լինենք մեր մեծանուն արվեստագետների հանդեպ, գնահատենք նրանց ըստ արժանվույն»:

Արա Խզմալյանը նաև  երախտագիտություն է հայտնել Վահան Վարդապետյանին՝ որպես հիշատակի հանդեպ խոնարհումի օրինակ: Ըստ նախարարի տեղակալի՝ Վարդապետյանը եղել է Օհան Դուրյանի նեցուկը նրա կյանքի ամենաբեկումնային պահերին: Վահան Վարդապետյանը ներկայացրել է հոբելյանական միջոցառումների նախապատրաստական աշխատանքները, ընթացքը, ծրագիրը: Նախապատրաստվել է 4 տարի առաջ և գաղափարը խրախուսվել է Կառավարության կողմից: Սեպտեմբերի 8-ին՝ Օհան Դուրյանի ծննդյան օրը՝ ժամը 12:00-ին, Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք կմատուցվի մաեստրոյի հիշատակին:

Նույն օրը՝ ժամը 19:00-ին, նախատեսվում է աննախադեպ անակնկալով համերգ՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում կկայանա շքեղ հանդիսություն. Կենտրոնական բանկի կողմից թողարկվել է Օհան Դուրյանի անվամբ արծաթե հուշադրամ, որի շնորհանդեսն է լինելու, միևնույն ժամանակ ԲՏԱ նախարարության և «Հայ փոստի» կողմից կթողարկվի Օհան Դուրյանի 100-ամյակին նվիրված նամականիշ: Վահան Վարդապետյանը տեղեկացրել է նաև, որ Ֆրանսիայում Տեսալսողական միջազգային կազմակերպությունը թողարկում է «Համաշխարհային երաժշտարվեստի գոհարներ» խորագրով 11 ձայներիզներից կազմված հավաքածու, որում ընդգրկված են նաև Օհան Դուրյանի ստեղծագործությունները:

Օհան Դուրյանը եղել է նաև Ֆրանսիայի քաղաքացի ու Արվեստի և գրականության ֆրանսիական արվեստի շքանշանակիր: Գետիկ Բաղդասարյանը կերտում է Դուրյանի արձանը, որը պետք է տեղադրվի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Ազատության հրապարակի հարակից տարածքում: «Նա իր ժողովրդի հետ էր մինչև կյանքի վերջին օրը, վերջին շունչը՝ հենց Ազատության հրապարակում, ուստի շատ խորհրդանշական է արձանի՝ այդ հատվածում տեղադրումը»,- ասել է Վարդապետյանը: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը կիսվել է մաեստրոյի մասին իր հիշողություններով՝ նշելով. «Հուզիչ պատասխանատվություն է ղեկավարել Օհան Դուրյան բացառիկ արվեստագետին նվիրված համերգը:

Անդադար մտածում եմ՝ եթե ներկա լիներ, ինչ կասեր: Նա իր սեփական ոճն ուներ, որը, սակայն, քեզ երբեք չէր պարտադրում»: Նշենք, որ հոբելյանական միջոցառումների մեկնարկը կտրվի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի Երևանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոնով, որն ամբողջությամբ նվիրված է Օհան Դուրյանի հոբելյանին:

Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի տեղեկացմամբ՝ Հանրային հեռուստաընկերությունը մեծ եթերաժամով անդրադառնալու է 100-ամյակին՝ երեք տարբեր ուղղություններով: Առաջին հերթին արխիվային բացառիկ տեսանյութեր են հրապարակվելու, երկրորդ՝ Ստաս Նամինի 2006 թ. Օհան Դուրյանին նվիրված ֆիլմը մշակվում է և թարգմանվում հայերեն: Այն եթեր դուրս կգա նոյեմբերի վերջին:

Եվ երրորդ՝ 100-ամյակին նվիրված բոլոր միջոցառումները ակտիվորեն կհեռարձակվեն: Հայաստանի հանրային ռադիոընկերությունը ևս Օհան Դուրյանին վերաբերող հարուստ նյութ ունի: Նրա ձայնագրությունների մեծամասնությունը գտնվում է հանրային ռադիոընկերությունում: Դրանք թվայնացվել են և արդեն հասանելի են լայն հանրությանը: Ըստ գործադիր տնօրենի՝ Գարեգին Խումարյանի՝ շուտով կթողարկվի Օ. Դուրյանի ստեղծագործությունների ամբողջական ժողովածուն: Օհան Դուրյան արվեստագետին բարձր է գնահատել նաև հոբելյանական հանձնաժողովի անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ որպես բացառիկ ազնիվ մարդու և քաղաքացու:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ
 ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ նյութեր