211652_close_icon
views-count1841 դիտում article-date 22:34 26-08-2022

Թալինի ավագանու անդամներին վախեցնում ու ստիպում են դիմումներ գրել. «Կայունություն» կուսակցության անդամ

Արագածոտնի մարզի Թալին համայնքում սեպտեմբերի 25-ին սպասվող ընտրություններից առաջ, «Կայունություն» խմբակցության ավագանու անդամներին ստիպում են աշխատանքից ազատման դիմումներ գրել։ Այս մասին NEWS.am-ին պատմեց «Կայունություն» կուսակցության անդամ Մանվել Կրպեյանը։

Թալինում ընտրության մասնակցության հայտ է ներկայացրել 5 քաղաքական ուժ, այդ թվում՝ «Կայունություն» կուսակցությունը եւ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»։ ՔՊ–ի ավագանու ցուցակը գլխավորում է Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տավրոս Սափեյանը։ 

Ըստ Կրպեյանի՝ այս ճնշումներն իրականացվում են իշխանությունների կողմից.

«Ավագանու անդամներին ոստիկանության աշխատակիցները տանից տանում են բաժիններ, թղթերը ձեռքներից վերցնում,  դիմում գրել են տալիս: Վախեցնում են, ասում են գրի՝ հրաժարվում եմ։ Լծակներ են օգտագործում, որպեսզի մեզ ստիպեն ՝ դուրս գանք»։

Կուսակցության անդամն ասաց, որ վերջերս ավագանու անդամներից մեկին են ոստիկանական բաժին տարել եւ ստիպել՝ հրաժարվել ավագանու անդամի պաշտոնից, նա աշխատանքից ազատվելու դիմում է գրել, իսկ որոշ ժամանակ անց հետ վերցրել դիմումը։

«Ավագանու անդամը մեզ պատմել է, որ իրեն զանգահարել, ասել են՝ արի գնանք Թալին, նա էլ ասել է՝ չէ, իմ եղբորն եմ սպասում: Զանգահարողները մեքենայի դուռը բացել են, դրանցից մեկն էլ ոստիկանության աշխատակից է եղել, նրան նստացրել են մեքենան ու տարել նոտար եւ տվել են դիմում գրել: Հիմա ՔՊ-ականները գյուղերի վրա են աշխատում»,- պատմեց Մանվել Կրպեյանը։

Կուսակցության անդամը հայտնեց, որ ընտրություններին մասնակցող հինգ ուժերից մեկն էլ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է։

Նշենք, որ սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության 17 համայնքներում անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ։ Թեեւ նախընտրական քարոզարշավը դեռ չի սկսվել, բայց համայնքներում տեղի ունեցող զարգացումներից ակնհայտ է դառնում, որ պայքարը որոշ համայնքներում «թեժ է լինելու»:

Նմանատիպ նյութեր