211652_close_icon
views-count1427 դիտում article-date 11:21 24-08-2022

Կոնսերվատիվ հեղափոխությունը և թշնամու կերպարը. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «2007 թվականին հրապարակված իր «Կոնսերվատիվ հեղափոխությունը» գրքում Արծրուն Պեպանյանը հանդես է գալիս մի շարք առաջարկություններով, որոնք, բոլոր դեպքերում, ուշադրության են արժանի:

Ամենահեշտ բանն է, իհարկե, առանց կարդալու քննադատելը՝ առաջնորդվելով մեկնաբանությունների մեկնաբանությունների մեկնաբանությամբ: Համացանցի դարում սովորաբար այդպես է վարվում օգտատերերի մեծամասնությունը: Ընդ որում՝ ոչ միայն գրքերի, տեքստերի, այլ ցանկացած լուրի դեպքում: Գտնում են իրենց հարմար, սովորաբար տասն անգամ վերափոխված մեկնաբանությունը եւ դրա վրա կառուցում իրենց հեղինակավոր գնահատականը, որը սկզբնաղբյուրի հետ, որպես կանոն, առնչություն չունի:

Մինչդեռ արժե կարդալ սկզբնաղբյուրը, տվյալ դեպքում՝ Պեպանյանի գիրքը: Այդ տեքստի հիմնական պաթոսի հետ ես համաձայն եմ: Պետք է փոխել հասարակությունը, ոչ թե՝ իշխանություններին: Աշխատել ժողովրդի հետ՝ առաջարկելով նրան «գայթակղիչ» մոբիլիզացիոն գաղափարներ, այդ թվում՝ առասպելաբանության տեսքով:

Ինքը՝ «կոնսերվատիվ հեղափոխությունը» բավականին խայտաբղետ հոսանք է, որն առաջացել է Գերմանիայում 1920-ական թվականներին եւ հիմնականում ուղղված էր ազատականության եւ ժողովրդավարության, այսինքն՝ Վայմարյան հանրապետության հիմքերի դեմ: Այդ հոսանքը, սակայն, կապ չուներ նացիոնալ-սոցիալիզմի հետ: Հակառակը՝ 1933 թվականից հետո, երբ Հիտլերն եկավ իշխանության, կոնսերվատիվ հեղափոխության գաղափարախոսներից շատերը ազատազրկվեցին:

Բայց հայ հեղինակը, բնականաբար, առաջին հերթին նկատի ունի մեր իրականությունը: Նա առաջարկում է, որ հայաստանյան հասարակությունը շարժվի դեպի «անցյալի, որեւէ հերոսական, ընդօրինակման արժանի փուլը»: Դրա վերաբերյալ նույնպես արժե մտածել. նայած թե ինչպես, ինչ գույներով է ներկայացվում հասարակությանն այդ փուլը:

Ինձ կասկածելի է թվում «հայկական ավետարանի կազմումը՝ կրոնահավատքային անհրաժեշտ փոփոխությունների իրականացմամբ»: Կարծում եմ՝ հայ առաքելական հավատքը միանգամայն համապատասխանում է գրքում նշված նպատակներին: Հնարավոր չէ որեւէ գյուտ անել, որը կկարողանա փոխարինել 1700-ամյա հոգեւոր կյանքում գոյություն ունեցող արժեքները:

Իսկ հեղինակի մեկ այլ առաջարկ արդեն իսկ իրագործվել է. «Հանրությունն ակտիվացնելու կամ զգոն պահելու համար ներքին (եթե անհրաժեշտություն կա) եւ արտաքին թշնամու կերպարի ձեւավորումը»: Արտաքին թշնամին վաղուց արդեն կա՝ թուրքն է, եւ ներկայիս ընդդիմությունը՝ դաշնակցության ղեկավարությամբ, շարունակում է աշխատել այդ թշնամու կերպարը վառ պահելու համար: 2018 թվականից հետո բյուրեղացավ նաեւ «ներքին թշնամու» կերպարը: Դա «երկիրը երեսուն տարի թալանած» նախկիններն են: Այդ կերպարով ներկա իշխանությունը չորս տարի շարունակ «զգոն է պահում» մեր հանրությանը: Թե որքանով է ներքին եւ արտաքին թշնամու կերպարի խաղարկումը նպաստում մեր պետության եւ հասարակության առաջընթացին՝ բոլորիս հայտնի է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր