211652_close_icon
views-count1297 դիտում article-date 13:09 10-08-2022

Հայաստանում աճել են շինարարության ծավալները և անշարժ գույքի առքուվաճառքի գործարքները

Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շինարարության ծավալները աճել են 12.7 տոկոսով:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, կատարվել է ընթացիկ գներով ընդհանուր առմամբ 149 միլիարդ 030.6 միլիոն դրամի շինարարություն:

Ընդ որում, պետական բյուջեի միջոցներից կատարվել է 37 միլիարդ 446.6 միլիոն դրամի շինարարություն (աճը՝ 1.8 տոկոս), համայնքների միջոցների հաշվին՝ 5 միլիարդ 510.8 միլիոն դրամի (աճը՝ 92.6 տոկոս), մարդասիրական օգնության միջոցներով՝ 1 միլիարդ 476.5 միլիոն դրամի (աճը՝ 79.8 տոկոս), կազմակերպությունների միջոցներով՝ 69 միլիարդ 062.6 միլիոն (աճը՝ 27.2 տոկոս), բնակչության միջոցներով՝ 35 միլիարդ 534.1 միլիոն դրամի. վերջին ցուցանիշը նվազել է 5.1 տոկոսով:  

Ըստ Կադաստրի կոմիտեից, համայնքներից, համատիրություններից, լիազորագրային ու հավատարմագրային կառավարիչներից և այլ իրավաբանական անձանցից ստացված հաշվետվությունների ամփոփ տվյալների՝ 2021 թվականի վերջին բնակարանային ֆոնդում հաշվառվել է 19 հազար 256 բազմաբնակարան շենք՝ 448 հազար 938 բնակարաններով, 422 հազար 217 առանձնատուն, հանրակացարանային ֆոնդի և ժամանակավոր բնակելի տարածքի ընդհանուր մակերեսը եղել է 264 հազար 047 քմ:

Այս տարվա առաջին կիսամյակում անշարժ գույքի նկատմամբ կատարվել է 96 հազար 535 գործարք, որից 37 հազար 322-ը՝ օտարում, 5 հազար 093-ը՝ վարձակալություն, 12 հազար 487-ը գրավադրում, 18 հազար 624-ը՝ ժառանգություն, 13 հազար 281-ը՝ առաջնային գրանցում և այլ տիպի գործարքներ: Ընդհանուր գործարքներից 26 հազար 964-ը վերաբերել են բնակարաններին, 20 հազար 418-ը բնակելի տներին, 36 հազար 326-ը՝ հողերին, որից գյուղատնտեսական նշանակության՝ 22 հազար 182-ը: Ի դեպ, Հայաստանի գյուղական բնակավայրերում կատարվել է անշարժ գույքի օտարման 15 հազար 663 գործարք, մարզերի քաղաքներում՝ 9  հազար 216, իսկ Երևանում՝ 12  հազար 443:

Անշարժ գույքի առուվաճառքի գործարքներն այս տարվա առաջին կիսամյակում աճել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Եթե նախորդ տարի առաջին վեց ամիսներին եղել էր առքուվաճառքի 24 հազար 961 գործարք, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 27 հազար 192:

Նմանատիպ նյութեր