Մեր առաքելությունը եկեղեցիները կանգուն ու շեն պահելն է. Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Նարեկ վարդապետ Ավագյան
այ Առաքելական Սուրբ Եկեղեցու ամենաերիտասարդ թեմում ծրագրերն ու անելիքները շատ են՝ թեև 2012 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց կաթողիկոսի սրբատառ կոնդակով ստեղծված Արթիկի թեմն ավելի շատ գործող, քան չգործող եկեղեցիներ ունի, խոնարհված եկեղեցիները վեր հանելու ու նորերը կառուցելու ծրագրերը շատ են:
Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Նարեկ վարդապետ Ավագյանը, «Արմենպրես»-ին ներկայացնելով ծրագրերը, տեղեկացրեց, որ առաջիկայում պետք է իրականացվի Արթիկի 5-րդ դարի խոնարհված եկեղեցու նորոգման ծրագիրը: Եկեղեցին վերանորոգվելու է ռուսաստանաբնակ բարերարի նախաձեռնությամբ: Վերջինս, թեմի առաջնորդի տեղեկացմամբ, ցանկանում է անանուն մնալ:
Եկեղեցու տեսքի մասին շատ բան հայտնի չէ, միայն այն, որ 5-րդ դարի կառույց է, մինչև 7-րդ դար կրել է որոշակի փոփոխություններ: Ըստ տեղեկությունների՝ եկեղեցին կոչվել է Սուրբ Մարինե կամ Մարիամ Աստվածածին, ժողովուրդը երբեմն եկեղեցին կոչում է նաև Սուրբ Հարություն: Դեռ 1980-ականներին Հայաստանի մշակույթի նախարարությունն այդ եկեղեցու վերանորոգման նախագիծն արել էր, բայց այդպես էլ այն կյանքի չի կոչվել, իսկ այդ ընթացքում եկեղեցում կրկին որոշակի փլուզումներ են եղել:
Բարերարը եկեղեցին նորոգելու որոշում կայացրել է 2018 թվականին: «Ամեն ինչ սկսեցինք հենց այդ ժամանակ: Քանի որ կառույցը 5-րդ դարի էր, յուրաքանչյուր քայլ պետք է համաձայնեցվեր այն ժամանակ ՀՀ մշակույթի նախարարության ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ: Շատ դժվար գործընթաց էր՝ հասկանալու համար՝ ինչպիսին է եղել եկեղեցին և ինչպես պետք է վերականգնվի՝ թաղածա՞ծկ, թե՞ գմբեթավոր, և այլն, բայց, ի վերջո, գիտամեթոդական խորհուրդը եկավ այն եզրահանգման, որ պետք է լինի գմբեթավոր՝ գմբեթից որոշակի քարեր պահպանվել են»,- ասում է Հայր Նարեկը, փաստելով, նախ նախարարության լուծարումը, ապա համավարակն ու պատերազմը որոշակի ձգձգեցին ծրագրի իրականացումը: Այս պահին արդեն եկեղեցու վերականգնման նախագիծը պատրաստ է: «ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից վերջնական նախագիծը ստանալուց և Վեհափառ Հայրապետի հաստատումից հետո, Աստծո օրհնությամբ, կսկսենք վերականգնման աշխատանքները՝ խոչընդոտ դրա համար չկա: Լիահույս եմ, որ կկարողանանք այս եկեղեցին վերականգնել: Ճիշտ է, չորս տարի է անցել, ու գործնական թվում է, թե ոչ մի բան արված չէ, բայց մի ամբողջ մեծ թղթապանակ, օրենքի տառին համապատասխան փաստաթղթերով, խոսում է արված աշխատանքի մասին»,- նշեց թեմակալ առաջնորդը՝ կարևորելով պատմամշակութային արժեք ներկայացնող խոնարհված եկեղեցու վերականգնումը:
Այն, որ նոր եկեղեցու կառուցումը ավելի քիչ ծախսատար կլինի, քան նմանատիպ խոնարհված եկեղեցու վերականգնումը, հաստատեց նաև թեմակալ առաջնորդը, սակայն, ըստ նրա, սա ոչ միայն պատմական ու հոգևոր մեծ նշանակություն ունի, այլ նաև ապացույց կլինի, որ այդ տարածքում 5-րդ դարում հայկական հետքեր են եղել: «Փա՛ռք Աստծո, որ բարերարն ինքն է որոշել վերականգնել խոնարհված եկեղեցին: Առավել ևս՝ այն հրաշալի կոթող է»,- ընդգծեց թեմակալ առաջնորդը:
Եւս մեկ խոնարհված՝ Սուրբ Գևորգ կամ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի՝ արդեն 7-րդ դարի, գտնվում է այս եկեղեցուն շատ մոտ: Այս եկեղեցու վերականգնման նպատակ թեև թեմը ունի, սակայն միջոցներ դեռ չկան. հաշվի առնելով եկեղեցու տարածքը՝ վերականգնումը բավական մեծ գումարներ կպահանջի:
Այս ընթացքում, արդեն մեկ ուրիշ բարերարի միջոցներով, փոխվում է առաջնորդարանի տանիքը, ավելի վաղ տեղադրվել էին արեգակնային պանելներ: Նշենք, որ կառույցը նաև աղոթատեղի է: Ծրագիր կա Լուսակերտի եկեղեցու զանգակատան կառուցման ու ներքին հարդարման:
Առաջնորդը թեմի համար կարևոր խնդիր է համարում չգործող չորս՝ Տուֆաշենի, Պեմզաշենի, Նահապետավանի և Հայկասարի եկեղեցիների վերականգնումը: Նշենք, որ Հայկասարի եկեղեցու նորոգման աշխատանքերը մեկնարկել էին, բայց այս պահին դադարեցվել: «Սրանցից բացի, ունենք եկեղեցիներ, որոնք լուրջ նորոգության կարիք ունեն՝ Հովտաշենի, Մեղրաշենի, ինչպես նաև Հոռոմի եկեղեցին, որի նորոգման աշխատանքերը մեկնարկեցին, բայց, ֆինանսների սղության պատճառով, շարունակություն չունեցան: Թեմի մյուս եկեղեցիները համեմատաբար ավելի լավ վիճակում են ու գործող»,- նշեց Հոգեշնորհ Տ. Նարեկ վրդ. Ավագյանը՝ տեղեկացնելով, որ առաջիկայում կլուծվի նաև Հառիճավանքի ջեռուցման հարցը:
Անդրադառանալով սպասավորների խնդրին՝ Հոգեշնորհ Տ. Նարեկ վրդ. Ավագյանը հաստատեց՝ կարիքը մեծ է. Արթիկի ու 22 բնակավայրի համար միայն 4 սպասավոր է այս պահին:
Այն, որ պատերազմի վտանգն ամեն պահի ունեցող երկրում եկեղեցիներ են կառուցվում՝ շատ քննադատության է արժանանում. Արթիկի թեմի առաջնորդըմ այս հարցի շուրջ իր դիտարկումը ներկայացնելով, դա անհիմն ու չկշռադատված համարեց: «Հայաստանում ոչ մի եկեղեցի պետության միջոցներով չի կառուցվել, առավել ևս՝ բանակի, իսկ ինչ մնում է պատերազմին, բոլորն էլ գիտեն, թե այդ օրերին եկեղեցին ինչ օգնություն է ցուցաբերել բանակին, իսկ եթե ունենք խաղաղ վիճակ՝ պարտավոր ենք նորոգել մեր խոնարհված եկեղեցիներն ու կառուցել նորերը: Կոնկրետ Արթիկի թեմի մասով հիմնականում եկեղեցաշինական ծրագրերը եղել են արտերկրից նվիրաբերած գումարներով՝ կոնկրետ և հստակ եկեղեցաշինական նպատակով: Պետության առաքելությունը ամեն ինչ, այդ թվում՝ նաև սահմանն ու բանակն իր տեղում պահելն է, եկեղեցու առաքելությունը եկեղեցիները կանգուն ու շեն պահելն է: Նեղության ժամանակ, բնականաբար, բոլոր միջոցները միանում են իրար՝ հանուն երկրի ու հայրենիքի: Ի վերջո, մենք շատ դեպքերում հենց եկեղեցիներով կարող ենք ապացուցել, որ այդ տարածքը հայերինն է»,- եզրափակեց թեմակալ առաջնորդը: