211652_close_icon
views-count1266 դիտում article-date 23:01 27-07-2022

Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ անասնագլխաքանակի համարակալման պետական ծրագրի իրականացմանը նվիրված խորհրդակցություն

Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ  անասնագլխաքանակի համարակալման պետական ծրագրի իրականացմանը նվիրված խորհրդակցություն, որը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։

Խորհրդակցությանը մասնակցեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, ՀՀ Սննդի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչ Հովհաննես Բատիկյանը, Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, մարզի համայնքների բնակավայրերի վարչական ղեկավարները, ֆերմերները եւ անասնաբույժները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես ներկայացրեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, 2022 թվականի հոկտեմբերից ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ պետք է իրականացվի խոշոր եղջերավոր անասունների պարտադիր համարակալում։

«Սա պետական կարեւոր ու առաջնահերթ ծրագիր է, որը պետք է պարտադիր եւ անթերի իրականացվի։ Այն ուղղված կլինի անասնագլխաքանակի անկանոն տեղաշարժի կարգավորմանը եւ վերահսկմանը, հաշվառմանը, սպանդանոցային պարտադիր մորթի անցնելուն, անասնահամաճարակների կանխարգելմանը, ոլորտում առկա այլ հարցերի կարգավորմանը։ Պետական միջոցառման անթերի կատարման համար հարկավոր է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի, համայնքապետարանների, բնակավայրերի վարչական ղեկավարների եւ անասնաբույժների համագործակցված ու կանոնակարգված աշխատանքը»,-նշեց բանախոսը։

Այնուհետև մասնակիցները անասնահամարակալման ծրագրի իրականացման հայեցակարգի շուրջ հարցեր ուղղեցին բանախոսներին, միաժամանակ  մտահոգություն հայտնելով, որ միակ հիմնական խոչընդոտն այստեղ կարող է հանդիսանալ անասնագլխաքանակը թաքցնելու արատավոր գործելակերպը, որի պատճառով հաճախ անարդյունավետ են եղել անասնահամաճարակների դեմ պայքարի միջոցառումները։ Բանախոսներն իրենց հերթին նշեցին, որ այդ երեւույթի դեմ հարկավոր է պայքարել ընդհանուր ուժերով եւ մինչեւ վերջ ու անխափան իրականացնել անասնահամարակալման պետական ծրագիրը։

Ըստ սահմանված կանոնակարգի՝համարակալման գործընթացն իրականացնելու են մարզի բնակավայրերի անասնաբույժները։

Նմանատիպ նյութեր