Ուրախ եմ, որ կարճ ժամանակում իրենց մոտ ստացվեց ադապտացվել թիմին և լավ արդյունք գրանցել. Զորիկ Իսաջան
Հայաստանի մինչեւ 16 տարեկանների բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Զորիկ Իսաջանին ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում անդրադարձել է 2022 թվականի Եվրոպայի C դիվիզիոնում փոխչեմպիոն դառնալուն և կիսվել իր տպավորություններով.
« Քիչ ժամանակ ունեինք առաջնությանը պատրաստվելու համար, քանի որ 4 խաղացող ժամանել էր ԱՄՆ-ից, և խնդիր ունեինք միասնական թիմ ստեղծելու։ Ուրախ եմ, որ կարճ ժամանակում իրենց մոտ ստացվեց ադապտացվել թիմին և լավ արդյունք գրանցել։ Սա մեծ փորձ էր և՛ իմ, և՛ թիմի համար:
Առաջնության ընթացքում անցկացրինք տարբեր մակարդակի հանդիպումներ. յուրաքանչյուրում մեր ուժերի առավելագույն ենք ներդրել, և ես՝ որպես մարզիչ, շատ գոհ եմ թիմից: Տղաներն այս ընթացքում աճեցին և իրոք զարմացրին բոլորին։ Մեր հիմնական մրցակիցը Անդորրան էր, ում էլ զիջեցինք չեմպիոնությունը։ Նրանց հետ հանդիպեցինք խմբային փուլի հենց առաջին խաղում, որում պարտվեցինք: Տղաները դեռ իրար լավ չէին հասկանում, քանի որ առաջին հանդիպումն էր, այն էլ լուրջ մրցակցի հետ։ Հաջորդ խաղերում թիմը սկսեց ավելի վստահ գործել և մեզ հաջողվեց հասնել եզրափակիչ։ Եզրափակիչ խաղում մրցակիցն արդեն մեզ ճանաչում էր և հասկացել էր մեր թույլ կողմերը. թերևս նշեմ այն, որ բարձրահասակ խաղացողներ չունեինք և ուժային պայքարում զիջում էինք, ու եթե Անդորրայի 12 խաղացողները նույն մակարդակի էին, ապա մեզ մոտ հակառակ պատկերն էր. խաղում էին հիմնականում նույն 5-6 հոգին:
Իհարկե ափսոսանք կա, որ եզրափակչում պարտվեցինք, բայց ընդհանուր առմամբ, արդյունքը գոհացուցիչ է:
Մեր թիմից Գրեգորի Մողոյանը առաջնության ամենաարժեքավոր խաղացող ճանաչվեց: Նա և Գրեգորի Ղազարյանն ընդգրկվեցին առաջնության լավագույն խաղացողների հնգյակում: Հպարտանում եմ իրենցով. իրոք արժանի էին»,- ասաց Զորիկ Իսաջանին:
Հիշեցնենք, որ Կոսովոյում կայացած մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության C դիվիզիոն եզրափակիչ խաղում Հայաստանի թիմը պարտվեց Անդորրային՝ ըստ այդմ դառնալով առաջնության փոխչեմպիոն: