Պատանի բռնցքամարտիկները Ծաղկաձորում ստուգողական մենամարտեր են անցկացրել Վրաստանի թիմի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ կրտսեր տարիքի պատանիների Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում ստուգողական մենամարտեր է անցկացրել Վրաստանի հավաքականի հետ։ Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը։ Այս մենամարտերով էլ թիմն ավարտել է ծաղկաձորյան հավաքը,որը մեկնարկել էր հուլիսի 14-ից։
Արթուր Մելքումյանի գլխավորությամբ մեր ընտրանին նախապատրաստվում է Թուրքիայի Էրզրում քաղաքում օգոստոսի 10-ից 21-ը կայանալիք Եվրոպայի առաջնությանը։
Նախապատրաստական առաջին փուլում հիմնական շեշտը դրված էր բռնցքամարտիկների ֆիզիկական որակները բարելավելու վրա, որից հետո յուրաքանչյուրն անցկացրել է երկու մենամարտ։ Հիշեցնենք՝ հավաքին մասնակցում էր 24 մարզիկ` 19 տղա և 5 աղջիկ։
Պատանի բռնցքամարտիկները նախապատրաստական հաջորդ փուլը կանցկացնեն արդեն Օլիմպավանում։