211652_close_icon
views-count937 դիտում article-date 15:13 19-07-2022

Տիգրան Խաչատրյանը և ԵՆԲ տարածաշրջանային գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցության զարգացման ուղղությունները

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մացիեյ Ցզուրային:

Ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Խաչատրյանը բարձր է գնահատել Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցությունը եւ կարեւորել տարբեր ոլորտներում ԵՆԲ համաֆինանսավորմամբ իրականացվող, այդ թվում՝ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու եւ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի նախատեսվող շինարարության, Երեւանի էներգախնայողության եւ տրանսպորտային համակարգի կառավարման ծրագրերը:

Մացիեյ Ցզուրան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ իր վստահությունը հայտնել ՀՀ կառավարությանը՝ հավակնոտ բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու գործում: «ՀՀ ֆինանսների նախարարության ու Եվրոպական ներդրումային բանկի միջեւ ձեւավորված երկարատեւ եւ արդյունավետ համագործակցությությունը հաջողության մեր գրավականն է»,- իր խոսքում նշել է ԵՆԲ ներկայացուցիչը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել պետական պարտքի սպասարկման ռազմավարությանը, մակրոտնտեսական կայունությանը, 2023-2025 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի եւ ՀՀ կառավարության պարտքի բեռի նվազեցման վերանայված ծրագրերին:

Նմանատիպ նյութեր