211652_close_icon
views-count695 դիտում article-date 23:25 18-07-2022

«Իշխանությունների հաշվեհարդարը Ավետիք Չալաբյանի հետ». տարածաշրջանային մամուլն անդրադարձել է քաղբանտարկյալների հարցերին Հայաստանում

Արդեն ավելի, քան երկու ամիս է, ինչ անազատության մեջ է գտնվում հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը: Տարածաշրջանային լրատվամիջոցներն անդրադարձել են նրա ապօրինի կալանքին ու քաղաքական հետապնդմանը, համադրելով այն Հայաստանում մարդու իրավունքների անկման ու քաղբանտարկյալների առկայության հետ:
 
EurAsia Daily-ն իր «Կալանավորել բոլոր իսկական հայրենասերներին. Հայաստանի իշխանությունների հաշվեհարդարը Ավետիք Չալաբյանի հետ» վերտառությամբ հոդվածում գրել է այն մասին, որ Չալաբյանի կալանավորումը հանրային դժգոհության մեծ ալիք է բարձրացրել Հայաստանում: Ըստ հոդվածի` ի պաշտպանություն Չալաբյանի հանդես են եկել բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ՝ հաշվի առնելով նրա ակտիվ հասարակական գործունեությունը և նրա       ձերբակալությունը որակելով որպես քաղաքական պատվեր:
 
Պարբերականը, մասնավորապես, գրել է. «Շատերը զուգահեռներ են անցկացնում Ավետիք Չալաբյանի գործի և այլ քրեական հետապնդումների միջև՝ այդպիսով ցույց տալով, թե որքան «կույր ու խուլ» է հայ Ֆեմիդան կամ անտարբեր է, երբ այն խաղալիք է դառնում քաղաքական էլիտայի ձեռքում։ Այսպես, Երևանում դեռ չի հանդարտվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկած 29-ամյա հղի կնոջ սկանդալը, ով տեղում մահացել էր և երեխային ևս փրկել չէր հաջողվել: Օրերս հայտնի դարձավ, որ դատարանը ազատության մեջ թողեց մայոր Արամ Նավասարդյանին, ճիշտ այն նույն ոստիկանին, որն այդ չարաբաստիկ օրը հետիոտնային անցման վրա մահվան ելքով վրաերթի էր ենթարկել Սոնա Մնացականյանին, և մարդասիրություն չէր դրսևորել կանգնել գոնե վրաերթից հետո: Նույն այդ դատարանը կալանքի տակ է պահում մեկ էլ ընդդիմադիր ակտիվիստ Նարեկ Մանթաշյանին, ով մեղադրվում է նոյեմբերի 10-ին` կապիտուլացիայի ստորագրումից հետո ակցիաներին մասնակցելու համար: Մանթաշյանի փաստաբանները նշում են, որ վերջինս շաքարային դիաբետ ունի և կալանավայրը համապատասխան չէ իր առողջության համար: Սակայն նմանատիպ փաստարկները հայկական արդարադատության համակարգի վրա ազդեցություն չունեն»,-ասված է հրապարակման մեջ: 
 
Պարբերականը գրել է, որ Ավետիք Չալաբյանին ձերբակալել են մի մոնտաժված ձայնագրության հիման վրա, որի բովանդակության շինծու լինելու մասին բարձրաձայնում են ոչ միայն Չալաբյանի պաշտպանները, այլև շատ այլ մարդիկ: Չալաբյանին մեղադրում են այն բանի համար, թե իբր վերջինս փորձել է նյութապես շահագրգռել ուսանողներին` մասնակցելու ակցիաներին, այնինչ ձայնագրությունն ուշադիր լսելիս կամ ապացույցներն ուսումնասիրելիս, նման եզրահանգումը դժվար է ապացուցել, ավելին՝ կալանավորել անձին նման գործով:
 
«Մենք ի սկզբանե հայտարարել ենք, և վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ գործ ունենք քաղաքական պատվերի հետ, և որ գործը սարքվել է միայն Ավետիքին անազատության մեջ պահելու նպատակով։ Հոդվածը, որով նա հետապնդման է ենթարկվում, եվրոպական ոչ մի երկրում գոյություն չունի, միայն Բելառուսում է, և նույնիսկ այդ դեպքում այն վարչական, և ոչ քրեական հանցագործության որակում ունի: Փաստացի հաղորդում չի եղել, բայց կա ինչ-որ անհասկանալի ձայնագրություն՝ մոնտաժված ու անօրինական, ու այն, որ Ավետիքն, այնուամենայնիվ, բանտարկած է։ Իիմա փորձում են ինչ-որ նախադրյալներ հորինել Ավետիքին էլ ավելի երկար պահել կալանքի տակ»,- EurAsia Daily-ի հետ զրույցում ասել է Ավետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը:
 
Հետաքրքրական է, որ Հայաստանում քաղբանտարկյալների և քաղաքական ազատությունների թեմային մամուլը լայնորեն սկսել է անդրադառնալ       հատկապես ընդդիմադիր, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի` դատական նիստի ժամանակ մահվան դեպքից հետո, ինչը տեղի ունեցավ ուղիղ եթերի ընթացքում՝ միլիոնավոր մարդկանց աչքի առաջ: Արմեն Գրիգորյանի դեպքը, վերջին երկու տարվա չորրորդ մահն է ազատազրկման վայրում: Նախորդ տարի բուժօգնության բացակայության պատճառով մահացել էր գեներալ Մանվել Գրիգորյանը, հացադուլ հայտարարած լրագրող Մհեր Եղիազարյանը և հանրությանը ոչ հայտնի մի      դատապարտյալ: Արմեն Գրիգորյանի մահանալուց հետո ակտիվացել է հանրային խոսույթն առ այն, որ կալանքի տակ գտնվող բոլոր քաղբանտարկյալների կյանքը վտանգված է: «Ինչ իմանաս՝ ով ինչ առողջական խնդիր ունի ու չի բարձրաձայնում կամ կալանավայրերի պայմանները չե՞ն ստեղծի արդյոք նման ռիսկ»,-գրել են սյունակագիրները:
 

Նմանատիպ նյութեր