211652_close_icon
views-count2721 դիտում article-date 10:42 16-07-2022

Եվրոպայի համար 20 մլրդ խմ ադրբեջանական գազը չի կարող ռուսական մոտ 180 մլրդի այլընտրանք լինել․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Բնապահպանորեն մաքուր եւ էժան էներգակիր համարվող բնական գազն այսօր վերածվել է աշխարհաքաղաքական գործընթացների առաջնային գործոնի՝ հետին պլան մղելով անգամ նավթը: Ուկրաինական ճգնաժամի պատճառով ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները լուրջ հարված են հասցնում եվրոպական երկրների տնտեսություններին, որոնք մեծապես կախված են ռուսական կապույտ վառելիքից:

ՌԴ-ից Հին աշխարհամասի գազային կախվածությունը ԵՄ ուշադրության կենտրոնում էր դեռ մինչեւ ուկրաինական երկրորդ ճգնաժամը, եւ գործուն քայլեր էին արվում գազային հոսքերի բազմազանեցման եւ ռուսական գազից կախումը թուլացնելու համար: Որպես այլընտրանք՝ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն առաջնային կարեւորություն են տալիս «Հարավային գազային միջանցքով» գազի ծավալների մեծացմանը, իսկ դրանով Եվրոպա մղվող գազի հիմնական մասն ադրբեջանական է եւ անցնում է այդ երկրի տարածքով:

Այսօրվա դրությամբ վերոհիշյալ ուղղությամբ ադրբեջանական գազի մատակարարումները շատ փոքր են եւ չեն կարող մրցակցել, առավել եւս՝ այլընտրանք համարվել ռուսական գազին: Եվրամիությունը տարեկան սպառում է 430-470 մլրդ խմ գազ, որից մոտ180 մլրդը ռուսական է։ Ռուսաստանը Եվրամիություն է մատակարարում նաեւ բնական հեղուկացված գազ։

Օրինակ՝ 2020 թ. երկրորդ եռամսյակում Ռուսաստանը Հին աշխարհամաս է արտահանել նրա հեղուկ գազի շուկայի մոտ 18 տոկոսը՝ այդ ցուցանիշով զիջելով միայն Կատարին ու ԱՄՆ-ին:  Որպեսզի պարզ դառնա, թե ինչ գումարների մասին է խոսքը, ներկայացնենք ընթացիկ տարում գազի համար ԵՄ-ի արդեն ծախսած գումարը: 2022 թ. ԵՄ-ն գազի ներմուծման դիմաց վճարել է մոտ 78 մլրդ եվրո, որից 26.5 մլրդը՝ Ռուսաստանին, 19.2 մլրդը՝ Նորվեգիային, 5.4 մլրդը՝ Հյուսիսային Աֆրիկային եւ միայն 2.1 մլրդ եվրոն «Հարավային գազային միջանցքով» ներմուծվող գազին:

Հեղուկ բնական գազի տեսքով 2022 թ. առաջին եռամսյակում Եվրամիություն է մատակարարվել մոտ 33 մլրդ եվրոյի վառելիք, որի զգալի մասը բաժին է ընկնում ԱՄՆ-ին՝ ՌԴ-ի հեղուկ գազի փոխարեն։ Ըստ Եվրահանձնաժողովի տվյալների՝ «Հարավային գազային միջանցքով» գազի մատակարարումների մասնաբաժինը կազմել է ընդհանուր մատակարարումների 2.5 տոկոսը՝ նախորդ տարվա 1.2 տոկոսի դիմաց։

Արձանագրենք, որ 2013 թ. մեկնարկած այս ծրագիրը լիարժեք գործարկվել է միայն 2021 թ. Տրանսանատոլիական ու Տրանսադրիատիկ գազամուղների կառուցմամբ եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի թողունակության մեծացման շնորհիվ: Նախորդ տարի հունվարից տարեկան 16 մլրդ խմ գազ է արտահանվել այս ուղղությամբ, որից 6 մլրդը՝ Թուրքիա,   8.2 մլրդը՝ Իտալիա եւ մեկական մլրդ՝ Հունաստան ու Բուլղարիա: Օրերս հայտնի դարձավ, որ Եվրամիությունը պատրաստվում է գազի ներկրման համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ՝ Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու համար:

«Reuters»-ի տեղեկացմամբ՝ համաձայնագիրը նախատեսում է մինչեւ 2027 թ. տարեկան 20 մլրդ խմ գազի մատակարարում ԵՄ: Փաստաթղթով նախատեսվում է, որ զգալի ներդրումներ են արվելու «Հարավային գազային միջանցքի» ցանցն ընդլայնելու համար։ Եվրոպական կառույցները, սակայն, չեն անտեսել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի՝ դեռեւս չկարգավորված հարաբերությունների հարցը՝ արձանագրելով, որ երկրների միջեւ առկա է սառեցված հակամարտություն, եւ պետք է հարգել ու աջակցություն ցուցաբերել միմյանց տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անձեռնմխելիության նկատմամբ։

Վերոշարադրյալից ակնհայտ է դառնում, որ միջին հաշվով 450 մլրդ խմ գազ սպառող Եվրոպայի համար 20 մլրդ խմ ադրբեջանական գազը չի կարող ռուսական մոտ 180 մլրդի այլընտրանք լինել: Սակայն ԵՄ-ն նախատեսում է Ադրբեջանի միջոցով նաեւ թուրքմենական գազը հասցնել Եվրոպա, որը Բաքու պետք է հասնի Իրանի տարածքով: ԱՄՆ-Իրան միջուկային գործարքի հաջող ընթացքի դեպքում կմեծանա հավանականությունը, որ Հարավային գազային հոսքին միանա նաեւ Թեհրանը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր