211652_close_icon
views-count45540 դիտում article-date 09:55 07-07-2022

Խոշոր ավտովթար՝ Կապանում. 22-ամյա վարորդը Prado-ով մի քանի մետր գլորվելով՝ հայտնվել է կանաչ գոտում, վարորդն ու 2 ուղևորներ տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Կապան քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Ալեն Մկրտչյանը իր վարած Prado մակնիշի ավտոմեքենայով Հունան Ավետիսյան փողոցի թիվ 2 շենքի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի քարերին և մոտ 6 մետր գլորվելով՝ հայտնվել կանաչ գոտում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ՝ Կապան քաղաքի բնակիչներ, 20-ամյա Աշոտ Բաբաջանյանն ու 22-ամյա Դավիթ Բաղդասարյանը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Կապան» բկ։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը, ապա վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչի գլխավորությամբ, ում կողմից վթարի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Prado-ի՝ վթարի ենթարկվելու հետևանքով ավտոմեքենայի բեկորներից վնասվել է կից կայանված ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայի կողային հայելին։ 

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր