Երևանը կընդունի ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի հանդիպումները
Ֆուտզալի չեմպիոնների լիգայի նախնական փուլը կանցկացվի Երևանում։ ՀՀ կառավարության և ՀՖՖ֊ի ջանքերի շնորհիվ խաղերը կանցկացվեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` օգոստոսի 23֊ից մինչև 28֊ը։ Այս մասին հայտնում է «Երևան» ակումբի պաշտոնական կայքը:
«Սա մեծ նվաճում է առաջին հերթին մեր թիմի համար, քանզի մարզահամերգային համալիրը տեղավորում է ավելի քան 5200 հանդիսական և այդ հնարավորությունը մաքսիմալ օգտագործելու դեպքում՝ երկրպագուների աջակցությունը ավելի մեծ ուժ կհաղորդի լավագույնս ելույթ ունենալու համար»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
Հուլիսի 7֊ին՝ Շվեյցարիային Նիոն քաղաքում տեղի կունենա վիճակահանությունը, որից հետո պարզ կլինեն «Երևան ՖԱ»-ի մրցակիցները խմբային մրցաշարում։ Հայաստանի չեմպիոնն ընդգրկվել է առաջին զամբյուղում։
Նախնական փուլում մեկնարկող ութ թիմեր (որոնցից մեկը «Երևան ՖԱ»-ն է) նախապես ընտրվում են որպես մինի մրցաշարի տանտեր և խաղարկվում են առանձին՝ նախքան իրենց համապատասխան սելեկցիոն դիրքում տեղակայվելը:
Զամբյուղների թիմերը բաժանվելու են 8 խմբի և միայն 8 հաղթողները կշարունակեն պայքարը հաջորդ ռաունդում։