211652_close_icon
views-count1281 դիտում article-date 10:36 02-07-2022

Սահմանամերձ համայնքում մեծաթիվ հյուրերի են սպասում. մրգօղու փառատոնը կկայանա Կողբում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ««Septemberfest» մրգօղու փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2019 թ.-ին՝ Տավուշի մարզի Կողբ համայնքում: «Այն բավականին ընդգրկուն էր՝ ունեցել ենք երեք հազար մասնակից: Հետո հասկանալի պատճառներով փառատոնը չկայացավ: Այս տարի որոշեցինք Կողբ վերադառնալ, փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին»,- «Փաստի» հետ զրույցում ասում է «P-Art» ընկերության ծրագրերի ղեկավար Աննա Դանիել յանը:

Ընդգծում է՝ այն տեղական բարիքի փառատոն է:

«Առանցքային դերը տրվելու է տանը պատրաստված, ինչպես նաև արտադրական մրգօղուն: Փառատոնի ժամանակ ամեն տաղավարում օղու հետ մեկտեղ ներկայացվում են այն ուտեստները, որոնք, այսպես ասած, դրվում են սեղանին: Ստացվում է, որ փառատոնի ընթացքում ներկայացվում են մրգօղին, տարբեր տեսակի բարիքներ՝ ուտեստների տեսքով, կա նաև մշակութային բաղադրիչ, օրինակ՝ գորգագործության դազգահներ են դրվում, կենացների մրցույթ է անցկացվում, նարդու առաջնություն: Ի դեպ, առաջին փառատոնի ժամանակ նարդու առաջնությունում տատիկ էր հաղթել, և դա մեզ համար ցնծություն էր: Բավականին հետաքրքիր միջոցառում ենք ունենալու, որից անմասն չի մնալու Կողբի մշակույթի տունը: Առաջին փառատոնին բավականին մեծ թվով զբոսաշրջիկներ եկան, վստահաբար այս տարի ևս հյուրերի թիվը քիչ չի լինի»,-նշում է մեր զրուցակիցը:

No description available.

Փառատոնն ընդգրկում է ամբողջ Հայաստանը, ուղղակի գաղափարական նպատակներով այն կազմակերպվում է սահմանամերձ համայնքում: «Կողբի համայնքապետարանը, մշակույթի տունն աջակցում են մեզ: Մեր համագործակցությունը բավականին լավ է ստացվել առաջին անգամ, և որոշել ենք ավանդույթ դարձնել ու հենց Կողբում կազմակերպել փառատոնը: Կողբ կարող են գալ տարբեր մարզերից ինչպես տնային տնտեսությունները, այսինքն՝ նրանք, ովքեր տանն են օղի պատրաստում, այնպես էլ մարդիկ, որոնք ունեն մեծ արտադրություններ: Արդեն ունենք գրանցված մեծ թվով ընկերություններ ու անհատներ, որոնք ներկայանալու են տաղավարներով: Տեղադրվելու են նաև օղու թորման սարքեր, որպեսզի մարդիկ տեսնեն, թե ինչպես է ամբողջ գործընթացը տեղի ունենում»,-հավելում է նա՝ նշելով, որ տարբեր մարզերում տարբեր մրգերից են օղի պատրաստում, և դրանց հետ մատուցվող ուտեստները ևս տարբեր են»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր