211652_close_icon
views-count1278 դիտում article-date 10:43 25-06-2022

Վերջում ստացվելու է, որ ունենք պրոբլեմ, բայց չունենք պրոբլեմի լուծում. Բաբկեն Պիպոյան․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Օգոստոսի 1-ից գազով աշխատող բոլոր ավտոմեքենաները պարտադիր պետք է ստուգված և փորձարկված լինեն լիցենզավորված կազմակերպության կողմից, ունենան դրա վերաբերյալ պատասխան վկայագիր։ Եթե վկայագիր չունենան, մեքենաների գազաբալոններն ուղղակի չեն լիցքավորվի։ ՏԿԵ նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ Երևանում և մարզերում այժմ գործում է լիցենզավորված 15 կազմակերպություն՝ Երևանում Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում։ Նախարարությունից լրատվամիջոցներից մեկին հավաստիացրել էին, թե կազմակերպությունների թիվը կավելանա։

Տարբեր հաշվարկներով, Հայաստանում գազով աշխատող մեքենաների քանակը 400 հազարից ավելի է, ստացվում է, որ ընդամենը 40 օրում այդ մեքենաները պետք է անցնեն հետազոտություն ու վկայագրվեն։ Վկայագրման գինն էլ տատանվում է 10-14 հազար դրամի սահմաններում։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ընդգծում է՝ պետք չէ սպասել հերթական դժբախտ պատահարին, հետո սկսել գործ անել, անկասկած պետք է քայլեր ձեռնարկել անվտանգությունն ապահովելու համար, բայց դրանք պետք է այնպես ձեռնարկվեն, որ և՛ հնարավորինս արագ ապահովենք անվտանգությունը, և՛ հնարավորինս քիչ սոցիալական խնդիրներ ստեղծենք:

«Ամեն անգամ, երբ գազաբալոնի պայթյուն է լինում, մարդ մահանում, պետությունը հիշում է, որ ինքն այստեղ անելիք ուներ, բայց չի արել: Հենց ինչ-որ քայլեր են ձեռնարկվում, առաջ է գալիս հարցի հակառակ կողմը՝ կան քաղաքացիներ, որոնք այդ պահին ունենալու են որոշակի խնդիրներ: Դրա համար ի՞նչ է պետք անել: Կան գազաբալոններ, որոնք արդեն ժամկետն անց են, կամ էլ ժամկետը մոտենում է ավարտին: Աստված չանի, եթե պայթյուն լինի և մարդ մահանա, պետք է ասենք՝ ո՞ւր էին նայում պետական կառույցները: Ուրեմն, պետք է սկսենք հենց այդ բալոններից, այսինքն՝ վերահսկողություն իրականացնելը սկսում ենք ինչ-որ կետից: Երբ այդ կետը չես ասում, սահմանում ես չափորոշիչ, աղմուկ է լինում, դժգոհություն, իսկ պետությունն էլ ասում է՝ ուզում էի ինչ-որ բան անել, չստացվեց, դուք բողոքեցիք: Հետո՝ երկրորդ քայլն ենք անում:

Հասկանում ենք, որ հերթեր են գոյանալու, սպասարկման կետերում համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպությունների թվի դեֆիցիտ ունենք: Կարո՞ղ էինք այս ընթացքում ստեղծել համապատասխան ենթակառուցվածք, որ այդ ծառայությունը՝ եզրակացությունը, որ գազաբալոնային համակարգը ճիշտ է տեղադրված, քաղաքացուն մատուցվեր շատ մատչելի գնով: Նման բան արե՞լ ենք, ոչ: Հիմա բնական է, որ ազատ շուկայական հարաբերություններով առաջարկ պահանջարկի սահմաններում միանգամից մեծ հերթեր են լինում, գնի թանկացում, հետո ասելու ենք՝ ո՞ւր է նայում Մրցակցության պետական հանձնաժողովը, նա էլ իր հերթին ասելու է՝ գերիշխող դիրք չկա, ինչի՞ն նայեմ: Վերջում ստացվելու է, որ ունենք պրոբլեմ, բայց չունենք պրոբլեմի լուծում»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Պիպոյանը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր