211652_close_icon
views-count988 դիտում article-date 20:30 17-06-2022

Շրջագայություն հարազատ վայրերով. երգիչ Ռուբեն Սահակյանի հետ ընտրեցինք Ապարան տանող ճանապարհը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սերգո Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱԶԱՏ ՎԱՅՐԵՐՈՎ
Ամառային այս օրերը մղում են դուրս գալ Երևանից,գնալ այնտեղ, որտեղ ավելի հով է ու հաճելի, նաև հնարավորութուններ կան տեսնելու բնության զարթոնքը։

Այս անգամ երգիչ Ռուբեն Սահակյանի հետ ընտրեցինք Ապարան տանող ճանապարհը, և առաջին կանգառը Սաղմոսավանքում էր։ Հիացանք եկեղեցական ինքնատիպ կառույցով, ինչպես նաև Քասախի ձորի ու հարող սարահարթերի բնական ու ծաղկաշատ պատկերներով։ Այս դեպքում պակասում էին գեղանկարիչներ Հրանտ Թադևոսյանի և Շմավոն Շմավոնյանի վրձնահարվածները։

Մեր հաջորդ կանգառը Հայոց այբուբենի պուրակում էր,ուր ինչպես միշտ մարդաշատ էր`առանձնապես աշակերտներով։ Այս անգամ այստեղ նաև հնդիկ զբոսաշրջիկներ կային, որոնք ցանկանում էին հենց այստեղ այս պուրակի և հայոց տառերի պատմությունն իմանալ։ Բայց ոչ֊ոք չկար,որ նրանց հարցասիրությանը բավարարեր։Ստիպված էինք սիրով մեր հյուրերի համար այդ գործը կատարել և նրանցից լսել,որ հայաստանյան հուշարձանների մոտ պետք է դնել քուառ կոդ պարունակող համակարգ` համապատասխան տեղեկատվությամբ։ Եվ սա փրկություն կարող է դառնալ զբոսաշրջիկների համար։ 

Հաճելի էր տեսնել,թե ինչ սիրով էին զբոսաշրջիկները բարձրանում Հայաստանում Քրիստոնեությունը պետական կրոն ընդունելու 1700֊ ամյակի առթիվ տեղադրած խաչի մոտ և այդ բարձր հարթակից ուսումնասիրում շուրջբոլորը։Իսկ ոչ հեռու` ուղիղ ներքևում երկու ինքնատիպ`բաց և ապակեպատ եկեղեցիներն էին։

Մեր հաջորդ այցելությունը Ապարանի 4֊րդ դարում հիմնադրված Սուրբ Խաչ եկեղեցին էր, և զրույցը վանահոր հետ,թե ինչպես է վերականգնվել և վերակառուցվել կիսախոնարհված տաճարը։Իսկ ավելի ուշ պիտի հիանայինք Ապարանում գտնվող Սիրո աղբյուրով ու նրա սառնորակ ջրով։ Նաև այստեղ պիտի հանդիպեինք ապագա լրագրողների հետ և խոսեինք նրանց հայրենաճանաչության անհրաժեշտության ու կարևորության մասին։

Մեր այցելությունը ավարտվեց Ապարանի ջրամբարի ափին,ուր երգիչ Ռուբեն Սահակյանը մի քանի հայրենասիրական երգ կատարեց, ներկայացրեց ջրամբարի ստեղծման պատմությունը և որպես լոռեցի նախանձախնդրորեն հիշեցրեց,որ 1962֊67 թվականներին ջրամբարի կառուցման գործում մեծ ներդրում ունի կուսակցական և պետական ականավոր գործիչ Անտոն Երվանդի Քոչինյանը։ Մենք այստեղ հիշեցինք նաև մեր ազգի մյուս մեծերի նույն նախանձախնդրության մասին,որ նրանք ձգտում էին անընդհատ երկիրը կառուցել ու շենացնել։Այս այցելությամբ հիացանք Ապարանի բնաշխարհով, նաև ապարանցիների հյուրասիրությամբ, հյուրամեծարությամբ և հայրենի հողն ու ջուրը սիրելու մշտական ուղերձներով։





 

Նմանատիպ նյութեր