211652_close_icon
views-count1064 դիտում article-date 18:46 17-06-2022

Նախորդ տարի Ադրբեջանի զինված ուժերը ներխուժեցին մեր տարածք, և մենք դիմեցինք ՀԱՊԿ-ին. այդ հարցը պետք է քննարկել, ինչպես հարկն է ․ Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԽ քարտուղարներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի մասնակիցներին՝ Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին, Ռուսաստանի ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևին, Բելառուսի ԱԽ քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչին, Ղազախստանի ԱԽ քարտուղար Գիզատ Նուրդաուլետովին, Ղրղզստանի ԱԽ քարտուղար Մարատ Իմանկուլովին, Տաջիկստանի ԱԽ քարտուղար Նասրուլլո Մախմուդզոդային և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին:

 Բացման խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է.

 «Հարգելի բարեկամներ,

 Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետությունում ՀԱՊԿ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստի անցկացման կապակցությամբ, որը մեր երկրում տեղի է ունենում ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանակում:

 Իսկապես սա կրկնակի հոբելյանական տարի է մեր կազմակերպության համար. մենք նշում ենք Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակը և  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ստեղծման 20-ամյակը, և մեզ համար մեծ պատիվ է այս հոբելյանական տարում նախագահել մեր կազմակերպությունում: Դուք գիտեք, և մենք բազմիցս դա քննարկել ենք՝ ՀԱՊԿ արդյունավետության բարձրացումը մեր նախագահության կարևորագույն առաջնահերթություններից է, և մենք կարծել ու կարծում ենք, որ պետք է լավարկել կոնկրետ իրավիճակներին արագ և ճգնաժամային արձագանքման մեխանիզմները:

 Ցանկանում եմ նշել, որ սկզբունքորեն մենք նաև իրավական դաշտ ունենք այդ առումով, և 2010 թվականի դեկտեմբերի 10-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ ընդունվել է դրույթ՝ ճգնաժամային իրավիճակներին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արձագանքելու կարգի վերաբերյալ, և ես կարծում եմ, որ այս փաստաթուղթը բավական հասկանալիորեն ձևակերպում է այն մեխանիզմները, որոնք գոյություն ունեն մեր կազմակերպությունում: Մասնավորապես, այնտեղ նախատեսված է, թե մենք որը պետք է համարենք ճգնաժամային իրավիճակ, և ինչպես պետք է դրան արձագանքենք:

 Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ այդ դրույթում կա նաև այսպիսի հասկացություն՝ «առաքելություն», որը ձևակերպված է հետևյալ կերպ. անդամ պետությունների մասնագետների խումբ՝ կազմված ՀԱՊԿ անդամ պետությունների՝ այս դրույթին համապատասխան նշանակված ներկայացուցիչներից և ժամանակավորապես ճգնաժամային իրավիճակի գոտի ուղարկվող՝ իրավիճակի մշտադիտարկում իրականացնելու, իրադրությունը տեղում որոշելու և ճգնաժամային իրավիճակի կանխարգելման և կարգավորման ուղղությամբ կազմակերպության հետագա միջոցառումների վերաբերյալ առաջարկներ մշակելու, ինչպես նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից սահմանված այլ գործառույթներ իրականացնելու նպատակով:

 Ցանկանում եմ նաև ուշադրություն հրավիրել, որ այս փաստաթղթի երկրորդ գլխում կա «Մոնիթորինգ» կոչվող գլուխ, և ՀԱՊԿ քարտուղարությունը մշտական հիմունքով իրականացնում է կազմակերպության պատասխանատվության գոտում իրավիճակի և դրա զարգացման միտումների վերաբերյալ տեղեկատվության հավաքում և վերլուծություն՝ ճգնաժամային իրավիճակների նախադրյալները վերհանելու նպատակով:

 Ինչո՞ւ եմ ես այս մասին խոսում: Դուք գիտեք, որ դեռևս նախորդ տարի մայիս ամսին Ադրբեջանի զինված ուժերը ներխուժեցին մեր տարածք, և այդ կապակցությամբ մենք դիմեցինք ՀԱՊԿ-ին: Ես բազմիցս այդ մասին խոսել եմ, և որպես նախագահող՝ ցանկանում եմ ընդգծել, որ այդ հարցը պետք է քննարկել, ինչպես հարկն է: Ինչո՞ւ՝ որովհետև տեսնում ենք, որ Ադրբեջանի կողմից ագրեսիվ հայտարարությունները շարունակվում են, և մենք այս հարցը պետք է քննարկենք՝ հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, քանի որ դա և՛ մեզ, և՛ կազմակերպության համար շատ սկզբունքային հարց է:

 Ես ցանկանում եմ նշել նաև հետևյալը. մեր տարածք ադրբեջանական զորքերի ներխուժումից հետո որոշ մեկնաբանություններ եղան առ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա սահմանագծված և սահմանազատված սահման: Անկեղծ ասած, սա բավական վտանգավոր ձևակերպում է, քանի որ ահա մենք ասում ենք՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտի: Եթե մենք ասում ենք, որ պետք է հաշվի առնվեն այն սահմանները, որոնցով իրականացվել են դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացները, դա կարող է լղոզել ՀԱՊԿ պատասխանատվության գոտի հասկացությունը, քանի որ հարց է ծագում՝ իսկ որտե՞ղ է սկսվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին, և որտե՞ղ է ավարտվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին:

 Մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի կոնկրետ սահման, քանի որ 1991 թվականին, երբ ստեղծվել է Անկախ պետությունների համագործակցությունը, ստորագրվել է միջպետական համաձայնագիր, որում հստակ գրված է, սահմանված է, որ երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց միջև գոյություն ունեցող սահմանները: Այստեղ նկատի են առնվում Խորհրդային միության ժամանակաշրջանի վարչական սահմանները, և ես կարծում եմ, որ մենք պետք է այս ելակետն ունենանք: Այս իրավիճակի հակառակ մեկնաբանությունը, կարծում եմ, կնվազեցնի ՀԱՊԿ արդյունավետությունը:

 Հուսով եմ, որ այս հանդիպման և ձեր նիստի ընթացքում նշված նյուանսները նույնպես կքննարկվեն: Վերջերս Մոսկվայում, երբ տեղի ունեցավ ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովը, ես բարձրացրել եմ այս հարցը: Մենք քննարկում ենք սկսել, և ցանկանում եմ ևս մեկ անգամ, որպես նախագահող, հանձնարարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին՝ մեր կանոնադրական փաստաթղթերին համապատասխան կազմակերպել այս հարցը, քանի որ հիմա իրավիճակը մեր տարածաշրջանում, կարելի է ասել, կայուն լարված է: Բայց այն հայտարարությունները, որոնք հնչում են Ադրբեջանի պաշտոնատար անձանց կողմից,  պետք է նախազգուշացնող լինեն, և կարծում եմ, որ այս հարցը պետք է քննարկենք ՀԱՊԿ ձևաչափում:

 Թույլ տվեք ևս մեկ անգամ ողջունել ձեզ, շատ ուրախ եմ ձեզ տեսնել: Եվ շատ ուրախ եմ այն դինամիկայի համար, որը հետքովիդային ժամանակաշրջանում ձևավորվել է ՀԱՊԿ-ում, որովհետև երկու տարվա ընթացքում փաստացի շատ քիչ ենք շփվել առկա ձևաչափերում: Իհարկե, մենք շարունակել ենք աշխատել առցանց ռեժիմով, բայց, կարծում եմ, բոլորս էլ համամիտ ենք, որ այսպիսի հանդիպումներն ու շփումները շատ կարևոր են մեր աշխատանքի համար: Ուրախ եմ, որ վերադարձանք այս ռեժիմին, և դա տեղի ունեցավ մեր նախագահության տարում, այս կարևոր հոբելյանական տարում:

 Շնորհակալ եմ»:

 Վարչապետը ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարների հետ քննարկել է կազմակերպության օրակարգին և գործունեությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության մարտահրավերների շուրջ:

Նմանատիպ նյութեր