211652_close_icon
views-count1048 դիտում article-date 15:02 17-11-2026

Առաջարկվում է բարձրացնել երկրորդ շարքում կայանելու, տրանսպորտային միջոցի տարհանման, մինչև 12 տարեկան երեխայի տեղափոխման կանոնները խախտելու տուգանքները

Կան խախտումներ, որոնք էական ազդեցություն են ունենում երթևեկության կազմակերպման և խցանումների առաջացման վրա, սակայն դրանց համար սահմանված տուգանքներն ու բալային կշիռները համաչափ չեն այդ ազդեցությանը։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ մշակվել է փոփոխությունների նախագիծ, որն Ազգային ժողովի՝ նոյեմբերի 17-ի նիստին ներկայացրեց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը, գրում է 1lurer.am-ը։

Օրինակ՝ առաջարկվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ մի շարք հոդվածներում իրականացնել խստացումներ, մասնավորապես՝ «Մուտքն արգելվում է» կամ «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է» ճանապարհային նշանների պահանջները խախտելու համար գործող 5000 դրամ տուգանքը դարձնել 20 հազար դրամ՝ արտոնություններով, որոնց կիրառմամբ 20 հազար դրամ տուգանքը կկազմի 11 200 դրամ, իսկ 5000 դրամ տուգանքի գործող պայմաններում այն 2800 դրամ էր։ Այս արարքի համար այսուհետ կնախատեսվի 2 տուգանային միավոր։

««Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանի պահանջները խախտելու դեպքում առաջարկվում է սահմանել 20 հազար դրամ տուգանք և 1 տուգանային միավոր։

Տրանսպորտային միջոցները 2-րդ կամ ավելի հեռու շարքում տեղակայելու համար տուգանքը 5000-ից առաջարկվում է բարձրացնել 20 հազար դրամի, իսկ տուգանային միավորը՝ 0,24-ից դարձնել 1 միավոր։

Առաջարկվում է խստացնել պատիժը նաև այն դեպքերում, երբ տրանսպորտային միջոցը նաև տարհանվում է։ Այս պարագայում մենք առաջարկում ենք տուգանքը 20 հազար դրամից դարձնել 29 հազար դրամ, իսկ 0,5 միավորն ավելացնել 1 միավորով։

Մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար 5000 դրամ տուգանքն առաջարկվում է բարձրացնել 20 հազար դրամի և նախատեսել 1 տուգանային միավոր»,- ասաց նախարարի տեղակալը։

Հնարավորություն կստեղծվի նաև թքի միջոցով տեղում որոշել վարորդի սթափության աստիճանը․ մինչ այդ դա հնարավոր էր անել միայն արյան և մեզի միջոցով։ Այս դեպքում տուգանքի չափի փոփոխություն չի նախատեսվում։

Ինքնագլորների մասով առաջարկվում է, որ դրանք կարողանան վարել 16 տարեկանից սկսած․ նախկինում սահմանված էր 18 տարեկանը։ Ինքնագլորների առավելագույն արագությունը հետիոտների համար նախատեսված մայթերում սահմանվել է 10 կմ/ժ։

Նմանատիպ նյութեր