211652_close_icon
views-count31034 դիտում article-date 18:36 10-06-2022

Քեզ բացակա չենք դնի. Ծնունդդ շնորհավո՛ր, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Ժորա Մարտիրոսյան. համազգային թատրոնում էին հավաքվել հերոսածին մայրեր.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ հունիսի 10-ին, Երևանում՝ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դահլիճում  հիշատակի ու մեծարման  երեկո էր:

Այսօր Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Ժորա Մարտիրոսյանի երկնային ծնունդն էր: Դահլիճում էին հավաքվել հերոսածին մայրեր, հերոսի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից:

Մեծարման երեկոն կրում էր «Երկրի վրա» խորագիրը, այն երկրի, որի համար Ժ. Մարտիրոսյանն ու նրա նման հազարավոր քաջորդիներ հանուն Հայաստանի ու Արցախի, հանուն հայ ժողովրդի լինելիության նվիրաբերեցին Աստծո կողմից տված ամենաթանկը՝ կյանքը: Ու իզուր չէ, որ  «կյանքս՝ կյանքիդ համար» խոսքերը այսօր ամեն մի լեգենդ դարձած զինվորի ընտանիքում դարձել է պատգամ:

Ներկայացման բեմադիրիչը Սարգիս Միրզոյանն է,  իսկ պիեսի հեղինակը՝ Լիլիթ Մովսիսյանը:

Ներկայացմամբ փայլուն հանդես եկան Երևանի թատրոնի, կինոյի պետական ինստիտուտի ուսանողական թատրոնի «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի» սաներ Հայկ Մինասյանը, Մարինա Մելքոնյանը, Աստղիկ Բադալյանը, Նարե Գրիգորյանը, Լևոն Սահակյանը, Արաքսյա Զատիկյանը, Մարալ Գասպարյանը և էլի շատ շատերը:

Ներկայացումից հետո հերոսածին մայրերը մեկնեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու այնտեղ հանգչող առյուծ ու արծիվ հերոսներին, որտեղ ծաղիկներ են խոնարհելու ու կատարելու են խնկարկում:

Ժորա Մարտիրոսյանը ծնվել է 2001 թվականի հունիսի 10-ին։ 2019 թ. հուլիսի 11-ին զորակոչվել է բանակ, 6 ամիս ծառայել է Հոկտեմբերյանում, այնուհետև՝ Կուբաթլուում։

19-ամյա հերոսը տանկի մեխանիկ-վարորդ էր, և որպես լավագույն մեխանիկ-վարորդ՝ մասնակցել է Ռուսաստանում անցկացված «Կովկաս 2020» զորավարժություններին։

Ցավոք, 2020 թվականի հոկտեմբերի 22-ի ահեղ մարտերի ժամանակ Ժորա Մարտիրոսյանը հերոսի մահով զոհվում է՝ մինչև վերջին շունչը միայնակ չթողնելով իր զինակից ընկերներին։

         
Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, հոկտեմբերի 22-ին Երևանի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում հուշի և մեծարման երեկո էր՝ նվիրված արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած 19-ամյա Ժորա Մարտիրոսյանի հիշատակին։ 

Մինչ երեկոյի սկսվելը, ներկա գտնվողներից շատերն ասում էին. «Կարծես Ժորայի ու նրա նման բազմաթիվ լեգենդ դարձած հերոս տղաների մասին է ասված մեծն Պարույր Սևակի՝ «ուշ-ուշ են գալիս, բաց ոչ ուշացած, գալիս են նրանք ճիշտ ժամանակին» խոսքերը։  Միջոցառման ժամանակ կենդանի կատարմամբ հանդես եկան Շուշան Պետրոսյանը, Արսեն Սաֆարյանը, Սոնա Շահգելդյանը և այլ երգիչ-երգչուհիներ։ 

Ներկա էին 44-օրյա պատերազմում նահատակված հերոս զինվորների մայրեր, հարազատներ, ընկերներ, այդ թվում՝ Ժ. Մարտիրոսյանի զինակից ընկերները։  Ներկաները մի բանում համամիտ էին, որ այդ պատերազմը Ժորայի ու նրա նման բոլոր նահատակված, լեգենդար զինվորները, սպաները, կամավորականներն ու քաղաքացիները չեն պարտվել։ Նրանք մինչև վերջ անառիկ են պահել իրենց վստահված առաջնագիծը։

Պատմությունը տարիներ հետո շատ բաներ ջրի երես կհանի, բայց մինչ այդ, պետք է ըստ արժանվույն գնահատվեն հերոսածին մայրերից ծնված առյուծ ու արծիվ տղերքը, տղերք, ովքեր հանուն Հայաստանի ու Արցախի, հանուն հայ ժողովրդի՝ տվեցին իրենց համար ամենաթանկը՝ կյանքը, ու իզուր չէ, որ «կյանքս՝ կյանքիդ համար» խոսքերը դաջված են բոլորիս մտքերում։ ​

Հավասարակշռված, համեստ, քչախոս, խելացի ու շատ ամուր կամքի տեր երիտասարդ էր։ Նա շատ երազանքներ ուներ՝ բարձրագույն կրթություն ստանալ տուրիզմի ոլորտում և Հայաստանն իր արժեքներով ներկայացնել օտարերկրացի զբոսաշրջիկներին։  

Մենք Ժորայի ու նրա նման տղերքին բացակա չենք դնի:

Լուսանկարները և տեսանյութերը՝  Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 232+
232+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր