211652_close_icon
views-count65871 դիտում article-date 11:02 09-06-2022

Կոմիտասի պողոտայում էլիտար բարձրահարկ շենքը դարձել է պատուհաս. մարդիկ տակով անցնելիս խաչակնքվում են, կեսգիշերն անց ժամանել է վարչական շրջանի ղեկավարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 2 օր է, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի թիվ 38/3 շենքի բնակիչները ահը սրտներին են շենքից ելք ու մուտք անում և նույն վիճակով էլ հյուրեր ընդունում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 7-ին, ժամը 20։50-ի սահմաններում նշված շենքի 13-րդ և 14-րդ հարկերի միջակայք արտաքին երեսապատման սալիկները պոկվել և թափվել են։ Երջանիկ պատահականությամբ՝ այդ պահին նշված վայրով քաղաքացներ չեն անցել։

Վնասվել են շենքի մոտ կայանված Հովհաննես Գաբոյանին պատկանող Toyota Camry, Սևակ Ղազարյանին պատկանող Toyota Camry և Տարիել Խաչատրյանին պատկանող Nissan Rogue մակնիշի ավտոմեքենաները։

Ահազանգով դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից։ 

Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, իսկ պարեկներն էլ տեղում կատարել են ուժեղացված ծառայություն։ 

Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Երվանդ Նիկոյանի հանձնարարականով դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։ 

Իրավիճակի մասին տեղեկանալով՝ ժամանել է նաև Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը, ով թաղապետարանի համապատասխան բաժինների ղեկավարների հետ տեղում հանդիպեց բնակիչներին, ծանոթացավ իրավիճակին և պայմանավորվեցին առավոտյան հանդիպել թաղապետարանում և ինչ հնարավոր է՝ անել, որպեսզի բնակիչներն այլևս նման անհեթեթ խնդիրների մեջ չհայտնվեն։ 

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ կառուցապատողը Երևանում հայտնի ինչ-որ «Սիլոտ Վարդան» է, ով շենքի կառուցումը վերջնական ավարտին չի հասցրել, կարողացել է վարպետորեն խաբել բնակիչներին, անունը դրել է, թե «5 աստղանի շենք է կառուցել», բայց այդ ամենը հեքիաթ է. «Եթե քաղաքակիրթ երկրում ապրեինք, ապա «Սիլոտ Վարդանը» կլիներ ճաղավանդակներից այն կողմ, կհամտեսեր բանտի բալանդը։ Հիմա ուզում ենք հավատալ, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը բնակիչներիս անօգնական չեն թողնի, և կլուծվի նաև շենքի բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ վտանգ ներկայացնող կախված սալիկների հեռացման հարցը, որովհետև ամեն պահի կա վտանգ, որ սալիկները կթափվեն, և եթե մի քանի անգամ այն թափվել է ու երջանիկ պատահականությամբ քաղաքացիներ չեն տուժել, բայց չկա երաշխիք, որ նոր թափվելու պատճառով մարդկային կորուստներ չեն լինի»։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր