Դիլիջանի ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունը. գողոնը մասամբ հայտնաբերվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մայիսի 26-ի ցերեկը «1-02» զանգած քաղաքացին հայտնում էր, որ Տավուշի մարզի Աղավնավանք գյուղի 6-րդ փողոցի իր տնից գողություն են արել: Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Դիլիջանի բաժին, և օպերատիվ խումբը մեկնեց ահազանգի հետքով:
Տանտերը մանրամասնեց, որ ապրիլի 17-ից մինչ այդ օրը, երբ ինքը տանը չի եղել, փականը վնասելով՝ մտել են կից պահեստարաններ ու գողացել 300 կգ մեղրամոմ, մոմաթերթ պատրաստելու և զոդման սարքեր ու ալյումինե 45 տարա:
Ոստիկանները ձեռնարկեցին անհրաժեշտ միջոցառումներ: Քրեական հետախույզները շուտով ստացան օպերատիվ տեղեկություն, որ գողությունը կատարել է Ճամբարակ համայնքի Ձորավանք գյուղի բնակիչ, 36-ամյա մի տղամարդ: Նա բերման ենթարկվեց ու ներկայացվեց Դիլիջանի քննչական բաժին: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նա գողոնի մի մասն արդեն իրացրել էր Գոշ գյուղի մի բնակչի:
Հարուցված քրեական գործով 36-ամյա տղամարդը ներգրավվել է որպես մեղադրյալ ու ձերբակալվել:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]