211652_close_icon
views-count3312 դիտում article-date 10:37 31-05-2022

Ավարայրի ճակատամարտի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով կարելի է ստեղծել․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ծանուցում էր ստացել, որտեղ «44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն» իրեն հրավիրում էր զրույցի: Հիշեցնեմ՝ 44-օրյա պատերազմը սկսվել էր 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, իսկ Օսկանյանը արտգործնախարարի պաշտոնը թողել է 2008 թվականի ապրիլին: Ինքնին այդ հրավերը հատկանշական է՝ եւս մեկ անգամ ապացուցում է, որ հանձնաժողովի նպատակը ոչ թե պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելն է, այլ պարտության համար Փաշինյանի վրայից պատասխանատվությունը հանելը եւ զինվորականներին ու նախկիններին մեղավոր նշանակելը:

Այդ մեղադրանքների շրջանակներում իշխանությունը ցանկանում է «ապացուցել» (իհարկե, քարոզչական մակարդակով), որ նախկինները «պարտվողական» են բանակցել Ադրբեջանի հետ, մասնավորապես՝ որ Մադրիդյան սկզբունքները, որոնց ձեւակերպմանը գործուն մասնակցություն էր ունեցել Օսկանյանը, վատն էին, եւ այդ հանգամանքը նպաստել էր պատերազմի վերսկսմանը: (Մադրիդյան սկզբունքները գուցեեւ վատն էին, բայց դրանք պարզապես հրաշալի են, եթե համեմատենք այն թեմաների հետ, որոնք հիմա են բանակցվում): Մի խոսքով՝ Օսկանյանը հրավիրվում էր հանձնաժողով՝ նախկինների վրա մեղքը գցելու քարոզչությունն առաջ տանելու նպատակով: Ինքը՝ նախկին արտգործնախարարը, դիվանագիտորեն մերժել էր հրավերը՝ գրելով. «Համոզված չեմ, որ այդ հանձնաժողովի նպատակները անկեղծ և ազնիվ են։ Առավել ևս՝ համոզված չեմ, որ այդ հանձնաժողովը երբևէ կարող է արդար և օբյեկտիվ եզրահանգման գալ»:

Իսկապես, ՔՊ-ականները գրեթե ամեն օր խոսում են այն մասին, որ Փաշինյանը պարտության հետ որեւէ կապ չունի, իսկ մեղավոր է մնացած ամբողջ աշխարհը, եւ դժվար թե իրենց եզրահանգումներում շեղվեն հայտարարագրված համոզմունքներից:

Բայց խնդիրն ավելի խորն է. ինչ հանձնաժողով էլ ստեղծվի, իշխանության եւ ընդդիմության կողմնակիցները կմնան իրենց համոզմունքներին՝ քարոզչությունն այստեղ բացարձակապես անիմաստ է: Եկեք զուտ տեսականորեն պատկերացնենք, որ հանձնաժողովի բոլոր անդամները կլինեն Շվեդիայից, Ավստրալիայից կամ Ալֆա-Ցենտավրայից ու կգային միանգամայն անաչառ եզրակացության: Եթե այն ձեռնտու լինի իշխանությանը, ընդդիմադիր հայացքներ ունեցողները կասեն, որ դա «դավաճանական ծրագրի մի մասն է»: Եթե ձեռնտու լինի ընդդիմությանը, իշխանության երկրպագուները կպնդեն, որ հանձնաժողովականներն աշխատել են «թալանած փողերով»: Ոչ մեկին ոչ մի բանում, միեւնույն է, համոզել չի լինի: 

Այնպես որ այժմ, երբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին գործող անձանցից բոլորն ունեն քաղաքական շահագրգռվածություններ, նման հանձնաժողով ստեղծելն անիմաստ է՝ անկախ նրանից, թե ովքեր են դրա մեջ ընդգրկված լինելու: Հիմա թերեւս կարելի է ստեղծել Ավարայրի ճակատամարտի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով: Բայց այս հարցում էլ վստահ չեմ, որ քաղաքական կրքեր չեն բորբոքվի: Շատ հնարավոր է, որ այստեղ կբախվեն «ռեալիզմի» եւ «իդեալիզմի» կողմնակիցները, եւ դա կարտապատկերվի այսօրվա իրավիճակի վրա: Այս թեմայով վերջերս փայլուն վերլուծություն եմ կարդացել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր