211652_close_icon
views-count1093 դիտում article-date 09:39 28-05-2022

Վերլուծաբանները քննարկում են Հենրի Քիսինջերի վերջին հայտարարությունը․ «Ամերիկայի ձայն»

Արևմուտքը չպետք է մոռանա Եվրոպայի համար Ռուսաստանի կարևորության մասին և չպետք է ձգտի ամոթալի պարտության մատնել Մոսկվային։ Ուկրաինան էլ պետք է համաձայնի խաղաղ բանակցությունների, այդ թվում՝ տարածքային զիջումների գնով։ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերն այսպես է տեսնում Ուկրաինայի պատերազմի ավարտը: Այս մասին նա հայտարարել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի իր ելույթում։ Իսկ ավելի վաղ նմանատիպ կոչերով սյունակ էր հրապարակել «Նյու Յորք Թայմս»-ը։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկին ի պատասխան ամերիկացի քաղաքական գործիչներին և լրագրողներին հիշեցրեց, որ այսօր 1938 թվականը չէ, երբ մի շարք երկրներ տարածքային զիջումներ արեցին Հիտլերին՝ վերջինիս խաղաղեցնելու համար։ Զելենսկին բազմիցս ասել է, որ Ուկրաինան կհամաձայնի բանակցություններին միայն այն բանից հետո, երբ կվերադարձնի իր տարածքները, որոնք վերահսկում էր առնվազն մինչև փետրվարի 24-ը։ Իսկ Ուկրաինայի ղեկավարը հաղթանակ է համարում ուկրաինական բոլոր օկուպացված տարածքների, այդ թվում՝ Դոնբասի ու Ղրիմի ազատագրումը:

«Այժմ վաղ է խոսել, թե ինչ տարածքներ պետք է զիջի Ուկրաինան։ Շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպիսին կլինի իրադրությունը ռազմաճակատում, երբ դադարեն մարտերը։ Այս պահին ուկրաինացիները արդյունավետ պայքարում են։ Նրանք արդյունավետորեն օգտագործում են Միացյալ Նահանգների տրամադրած զենքերը: Քիսինջերը և The New York Times-ը ժամանակից շուտ են կոչ անում, որ Ուկրաինան կատարի դժվարին ընտրություն: Այն դեռ կարող է ավարտվել Ուկրաինայի հաղթանակով և ռուսական բոլոր զորքերի դուրսբերմամբ»,- ասում է RAND Corporation վերլուծաբան Ուիլյամ Քորթնին:

«Մենք տեսնում ենք, որ պատերազմը մտել է փակուղի։ Ուկրաինան այժմ ստիպված է ոչ միայն պաշտպանական, այլև հարձակողական մարտեր վարել՝ փորձելով վերադարձնել Դոնբասում Ռուսաստանի գրաված տարածքները, ինչպես նաև Դոնբասի և Ղրիմի միջև ընկած տարածքները։ Այս պայքարը մեծ գին է ունենալու: Կարծում եմ, որ Քիսինջերը միայն փորձում է ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ խելամիտ է հնարավորինս շուտ դադարեցնել պատերազմը։ Իսկ դա կարող է պահանջել դիվանագիտական արդյունք, այդ թվում՝ Ուկրաինայի կողմից որոշ տարածքների կորուստ։ Մինչև փետրվարի 24-ը իրավիճակին վերադարձը, կարող է Ռուսաստանին մի փոքր առաջ մղել։ Բայց եկեք գոնե սկսենք բանակցություններ պատերազմի նպատակների և այն հնարավորինս շուտ դադարեցնելու շուրջ։ Համաձայն եմ Քիսինջերի հետ»,- նշում է Council on Foreign Relations հաստատության վերլուծաբան Չարլս Կուպչանը:

Դեռ 2014 թվականին Հենրի Քիսինջերը նշել էր, որ տարածաշրջանում խաղաղության համար Ուկրաինան կարող է յուրօրինակ կամուրջ դառնալ Ռուսաստանի և Արևմուտքի միջև։ Դա հնարավոր է, կարծում է նա, եթե երկիրը ձեռք բերի չեզոք կարգավիճակ և չձգտի անդամակցել ՆԱՏՕ-ին։

Բայց եթե պատերազմի առաջին շաբաթներին նախագահ Զելենսկին պատրաստ էր ընդունել Ուկրաինայի չեզոքությունը, ապա այժմ նման սցենար չի դիտարկվում։ Իշխանությունները տեղին չեն համարում այս մասին խոսելը Բուչայից, Մարիուպոլիից, տասնյակ հազարավոր ուկրաինացիների սպանություններից հետո։

«Մենք գիտենք, որ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի դիտարկվում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է Ուկրաինայի հնարավոր «ֆինլանդականացման» մասին։ Կարծում եմ, որ եթե Ռուսաստանը ցանկանում էր շարունակել այս խոսակցությունը, ապա նման հնարավորություն կար։ Ակնհայտ է, որ Պուտինը դա չէր ուզում։ Նա ընտրեց ներխուժումը դիվանագիտության փոխարեն։ Այժմ նա կանգնած է Ռուսաստանի համար շատ բացասական հետեւանքների առջեւ»,- ասում է Չարլզ Կուպչանը:

«Չեզոքությունը Ռուսաստանի հետ սահմանի առկայության դեպքում Ուկրաինայի համար ոչ այնքան կայուն և անվտանգ պայմաններ կստեղծի։ Դա Ռուսաստանին հնարավորություն կտա հետագայում վերսկսել ագրեսիան»,- պնդում է Ուիլյամ Քորթնին:

Կիևի Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի հասարակական կարծիքի հարցման համաձայն՝ ուկրաինացիների 82 տոկոսը պաշտպանում է Զելենսկիի դիրքորոշումը և հրաժարվում տարածքային զիջումներից՝ խաղաղության հասնելու համար։

Սակայն մեկ հարցում փորձագետները համակարծիք են՝ իրենց ապագան որոշելու իրավունք ունեն միայն Ուկրաինայի իշխանություններն ու քաղաքացիները։ Սան Դիեգոյի համալսարանի Խաղաղության և արդարության ինստիտուտի պրոֆեսոր Էնդրյու Բլումը քսան տարի աշխատում է խաղաղության նախագծերի շուրջ: Նա այս պատերազմին վերջ տալու միակ ճանապարհն է համարում խաղաղ բանակցությունները։

«Դժվար թե կողմերից որևէ մեկը ռազմական հաղթանակ տանի։ Ավելի ու ավելի պարզ է դառնում, որ կոշտ բանակցությունները միակ լուծումն են: Միգուցե բանակցությունների ընթացքում ուկրաինացիները որոշեն, որ այն, ինչ նրանք ստանում են, դրա դիմաց արժե գնալ տարածքային զիջումների, բայց դրան պետք է հասնել դիվանագիտության միջոցով։ Անիմաստ է հայտարարել Ուկրաինայի այս կարևոր հատվածը զիջելու պատրաստակամության մասին՝ նույնիսկ մինչև լուրջ բանակցությունների գործընթացի մեկնարկը։ Եվ իմ հարցը հետևյալն է. եթե նույնիսկ այս սցենարը քննարկվի, ի՞նչ է առաջարկում Ռուսաստանը դրա դիմաց»,- ասում է Էնդրյու Բլումը:

«Ես կարծում եմ, որ երբ պարզ դառնա, որ Ռուսաստանը բանակցություններ է ուզում, քանի որ չի կարող հաղթել մարտի դաշտում, ապա Ուկրաինան պետք է պատրաստ լինի դրանց։ Միացյալ Նահանգները կաջակցի Ուկրաինային բանակցություններում, բայց ես չեմ կարծում, որ Միացյալ Նահանգները և Եվրոպան պետք է բանակցություններ առաջարկեն, քանի որ դա Պուտինի համար միայն կնշանակի, որ Արևմուտքը հոգնել է այս պատերազմից և հետագայում չի աջակցի Ուկրաինային»,- ասում է Ատլանտյան խորհրդի վերլուծաբան Ջոն Հերբստը:

Եթե այսօր հստակ են իր տարածքները պաշտպանող Ուկրաինայի նպատակները, ապա միջազգային հանրությանը մնում է միայն կռահել Ռուսաստանի նպատակների մասին։ Սակայն ինչ նպատակ էլ որ լինի Ռուսաստանի առջև, սկսած նախկինում հռչակված ապառազմականացումից ու ապանացիֆիկացիայից մինչև արևելյան Ուկրաինայի տարածքների անեքսիան և նոր սառեցված հակամարտությունը, փորձագետները հստակ ընդգծում են՝ ակնհայտ է, որ ռազմական գործողությունները չեն ընթացել Ռուսաստանի ծրագրերի համաձայն:

Նմանատիպ նյութեր