211652_close_icon
views-count7998 դիտում article-date 23:28 27-05-2022

Զորակոչիկն առողջական լուրջ խնդիրներով կզորակոչվեր զինվորական ծառայության, եթե չդիմեր ՀՔԱՎ իր իրավունքների պաշտպանության համար

Զորակոչիկ Տ․Ս․-ն ունի սրտի հետ կապված առողջական լուրջ խնդիրներ, սակայն 2020 թ․ ձմեռային զորակոչին վերջինիս տրված ախտորոշումը չէր համապատասխանում իր առողջական վիճակին։ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը հետազոտության արդյունքներով եզրակացրել էր, որ Տ․Ս․-ն սահմանափակումով պիտանի է զինծառայությանը, մինչդեռ զորակոչիկի առողջական խնդիրների պատշաճ հետազոտման արդյունքում վերջինիս պետք է տրամադրվեր տարկետում բուժման նպատակով՝ համաձայն ՀՀ Կառավարության 2018 թ․ 404 որոշման 28-րդ հոդվածի ա կետի. Կենտրոնական բժշկական հանձնաժողովը պիտանիության վերաբերյալ որոշումը կայացրել էր առանց զորակոչիկի առողջական վիճակի օբյեկտիվ և ամբողջական հետազոտության։ 

Զորակոչիկը, չհամաձայնելով իր առողջական վիճակի մասին ԿԲՀ-ի եզրակացության հետ, հրաժարվել էր մեկնել զինվորական ծառայության։ Արդյունքում՝ 2021 թ․ ապրիլի 26-ին պարտադիր ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու համար վերջինիս նկատմամբ հարուցվել էր քրեական գործ և առաջադրվել մեղադրանք, որի շրջանակներում նշանակվել էր նաև դատաբժշկական փորձաքննություն։

Իր իրավունքները պաշտպանելիս Տ․Ս․-ն  բախվելով   այս խնդիրներին՝ դիմել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ։ Վերջինս, բացի զորակոչիկին իր իրավունքների վերաբերյալ անհրաժեշտ իրավախորհրդատվություն տրամադրելուց, Տ․Ս․-ի առողջական վիճակի պարզաբանման նպատակով գրություն էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ զորակոչիկի առողջական վիճակի հետազոտման ոչ բոլոր տվյալներն են արձանագրվել բժշկական փաստաթղթերում և չի իրականացվել օբյեկտիվ և անհրաժեշտ հետազոտություն՝ նախքան պիտանիության մասին որոշում կայացնելը։ Սակայն Պաշտպանության նախարարությունն առանց որևէ հիմնավորման գտել էր, որ որոշումն իրավաչափ է, իսկ զորակոչիկը ենթակա է զինվորական ծառայության զորակոչվելու։

Մինչդեռ, քրեական գործի շրջանակներում զորակոչիկի առողջական վիճակը պարզելու նպատակով նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ տրված ախտորոշումն էականորեն տարբերվում էր 2020 թ․ ձմեռային զորակոչին ԿԲՀ եզրակացությամբ տրված ախտորոշումից, որից հետո 2022 թ․ ամառային զորակոչին իրականացված անհրաժեշտ այլ հետազոտությունների արդյունքում  զորակոչիկին ԿԲՀ եզրակացության հիման վրա կտրվի տարկետում բուժման նպատակով, 1 տարի ժամկետով։ 

Ստացվում է, որ զորակոչիկ Տ․Ս․-ն, ունենալով սրտի հետ կապված առողջական լուրջ խնդիրներ և ենթակա լինելով բուժման նպատակով տարկետման, պետք է  մեկներ զինվորական ծառայության, եթե չհայտներ իր անհամաձայնությունը ԿԲՀ-ի՝ իր իրավունքներն ու ազատությունները խախտող ակնհայտ ոչ իրավաչափ որոշմանը

Նմանատիպ նյութեր