211652_close_icon
views-count942 դիտում article-date 22:27 25-05-2022

Պետական մարմինն իրավունք չունի խոչընդոտել լրատվամիջոցի խմբագրական աշխատանքը. Սաթիկ Սեյրանյանը՝ ԶԼՄ նոր օրենքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը հնարավորություն է տալիս պետական մարմնին լրագրողին զրկել հավատարմագրումից, եթե վերջինս աշխատանքային կանոնների խախտման համար նախատեսված գրավոր նախազգուշացվելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին խախտել է այդ կանոնները։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների օրենսդրական այս նախաձեռնությունը, ըստ Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի, արշավ է հասարակության տեղեկացված լինելու իրավունքի դեմ, բացի դրանից, սրանով խոչընդոտվելու է լրագրողի աշխատանքը։

«Իշխող ուժի նպատակն իրենց ոչ ցանկալի հարցեր տվող լրագրողներից ազատվելն է, բայց այնքան փնթի ու հապճեպ են անում, որ իրենց համար նշանակություն չունի, որ նախագիծը կարող է հակասություններ ունենալ Սահմանադրության, օրենքների հետ։ Իրենց համար միեւնույն է, իրենց նպատակը լռեցնելն է, իրենք ուզում են շփվել այն լրագրողների հետ, որոնք կոմֆորտ զոնայից բխող հարցեր են տալիս»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ժուռնալիստների միության նախագահը։

Սաթիկ Սեյրանյանի խոսքով՝ պետական մարմնին չպետք է իրավունք վերապահվեր լրագրողին հավատարմագրումից զրկելու։

«Իրենք այդպիսով խոչընդոտում են լրատվամիջոցի խմբագրական աշխատանքը, ինչի իրավունքը չունեն։ Հայտարարում են, թե լրագրողները աշխատանքային կանոնները, էթիկան կպահպանեն, բայց այդ փափուկ բարձը կարող են դնել իրենց եւ իրենց լիդերի գլխի տակ։ Անցորդին էլ հարցնես՝ կհասկանա այս նախաձեռնության նպատակները։ Հայաստանն այլեւս վերածել են ավտորիտար պետության, որտեղ որոշումները ծնվում են մեկ անձի գլխում, սա ժողովրդավարության հետ աղերս չունի»,– նշեց Ժուռնալիստների միության նախագահը՝ հավելելով, որ սրա նպատակն ամենեւին էլ զանգվածային լրատվամիջոցների դաշտ բարելավելը չէ։

Սաթիկ Սեյրանյանը վստահ է, որ լրագրողին հավատարմագրումից զրկելով՝ իշխանությունները միեւնույն է չեն կարող լռեցնել ազատ խոսքը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր