211652_close_icon
views-count1390 դիտում article-date 19:00 20-05-2022

Թուրինում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ

Մայիսի 20-ին ԵԽ նախարարների 132-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Թուրինում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ:

Կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունների ընդլայնումը և խորացումը՝ ընդգծելով քաղաքական երկխոսության խթանման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ երկու երկրների ԱԳՆ-ների միջև խորհրդակցությունների պարբերական անցկացման անհրաժեշտությունը:

Հայկական կողմը բարձր է գնահատել Չեխիայի աջակցությունը՝ Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի առաջմղմանը և քաղաքացիական հասարակության կարողությունների հզորացմանը:

Արտգործնախարարները քննարկել են նաև հայ-չեխական բազմակողմ օրակարգին առնչող հարցեր:

Այս համատեքստում կարևորելով առաջիկայում Չեխիայի կողմից ԵՄ նախագահության ստանձնումը՝ նախարար Միրզոյանն ընդգծել է հայկական կողմի շահագրգռվածությունը՝ ՀՀ-ԵՄ գործընկերության շարունակական ընդլայնման ու ամրապնդման հարցում։ Անդրադարձ է կատարվել նաև Արևելյան գործընկերության շրջանակներում փոխգործակցությանը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի շուրջ:

Նախարար Միրզոյանը գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների վերաբերյալ։ Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման հարցում:

Անդրադառնալով 44֊օրյա պատերազմի հետևանքներին, մասնավորապես՝ առաջացած հումանիտար խնդիրներին` ՀՀ ԱԳ նախարարն առանձնահատուկ ընդգծել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը:

Նմանատիպ նյութեր