211652_close_icon
views-count1992 դիտում article-date 11:11 20-05-2022

Պատրաստվում է զինծառայողների բնակարանային ապահովման փաթեթ. այն կբարձրացնի սպայական ծառայության գրավչությունը. Պապիկյան

Մայիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է 3-րդ բանակային զորամիավորում:

ՊՆ-ից հայտնում են, որ զորամիավորման շտաբում նախարարը ծանոթացել է սահմանագծի մշտադիտարկումն իրականացնող աշխատասենյակների տեխնիկական հագեցվածությանը։ Այնուհետև պաշտպանական գերատեսչության ղեկավարը խորհրդակցություն է անցկացրել զորամիավորման հրամանատարական կազմի հետ, քննարկել զինված ուժերի բարեփոխումներին  վերաբերող մի շարք հարցեր:

Սուրեն Պապիկյանը զորամիավորման տարածքում կառուցված հուշապատի մոտ հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին։

Այցի ընթացքում պաշտպանության նախարարը եղել է զորամիավորման զորամասերում, ԶՈւ լեռնային ուսումնական կենտրոնում, ծանոթացել զորամասերի կենցաղային, զորանոցային, մարզական, մարտական պատրաստության  պայմաններին, ծանոթացել ընթացող վերանորոգման աշխատանքներին: Սուրեն Պապիկյանը զորամասերի հրամանատարների և զինծառայողների հետ քննարկել է զինված ուժերի արդիականացմանը վերաբերող հարցեր և վստահեցրել, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը գործադրելու է բոլոր ջանքերը՝ զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնելու և բանակի մարտունակությունն ամրապնդելու ուղղությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է նաև ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան, շրջել մասնաշենքերում, այնուհետև զրուցել սաների հետ: Նախարար Պապիկյանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում են լայնածավալ բարեփոխումներ՝ ռազմական կրթության որակն էականորեն բարձրացնելու նպատակով, և որ զուգահեռաբար պատրաստվում է նաև զինծառայողների բնակարանային ապահովման փաթեթ, որը կբարձրացնի սպայական ծառայության գրավչությունը:

Նմանատիպ նյութեր