211652_close_icon
views-count644 դիտում article-date 10:39 20-05-2022

Հայաստանի ժողովուրդն ընտրել է ժողովրդավարությո՞ւնը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վերջին մի քանի օրերին ակնհայտ դարձավ, որ տարածաշրջանում առանցքային դեր խաղացող երկու գերտերությունները՝ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը, սատարում են Հայաստանի ներկայիս իշխանությանը: Նախ՝ Պուտինը Լուկաշենկոյի շուրթերով բողոքեց Հայաստանում անցկացվող ցույցերի դեմ. «Ես դեռ հունվարին եմ զգուշացրել, որ որոշակի արտաքին ուժերի նպատակն է ողջ հետսովետական տարածաշրջանում կայունության եւ զարգացման խաթարումը։ Սկսեցին Բելառուսից, հետո անցան Ղազախստանին, հիմա հերթը ՌԴ-ինն է, եւ, ինչպես տեսնում եք, ՀՀ-ում էլ են խնդիրներ ստեղծում»: Իսկ այնուհետեւ Բելառուսի նախագահի ակնարկած «որոշակի ուժերի» ներկայացուցիչը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, հայտարարեց, որ իր երկիրը սատարում է Հայաստանի ժողովրդի՝ 2018 եւ 2021 թվականների ընտրությանը, որով ժողովուրդը, դեսպանի կարծիքով, իր հավատարմությունն է հայտնել ժողովրդավարությունը:

Եթե շարունակենք այդ տրամաբանական շղթան, ապա այդ ժողովրդավարության մարմնավորումը Փաշինյանի իշխանությունն է: Այսինքն՝ ըստ Լուկաշենկոյի  (Պուտինի), ցուցարարները վատն են, որովհետեւ խնդիրներ են ստեղծում «որոշակի արտաքին ուժերի» դրդմամբ, իսկ ԱՄՆ ներկայացուցչի ասածից կարելի է եզրակացնել, որ ցուցարարները վատն են,  որովհետեւ խոչընդոտում են 2018 եւ 2021 թվականների՝ մեր քաղաքացիների ժողովրդավարական ընտրությանը եւ, հետեւաբար, ժողովրդավար չեն:

Մի խոսքով, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները, աշխարհաքաղաքական բոլոր խնդիրներում հակադիր դիրքերում լինելով, Փաշինյանին սատարելու հարցում իրար հետ համամիտ են: Պարզ է, որ գերտերություններն աջակցում են այս կամ այն իշխանությանը ոչ այն պատճառով, որ տվյալ երկիրը գնում է կամ չի գնում ժողովրդավարության ճանապարհով: Գերտերությունները, ինչպես նաեւ բոլոր մնացած նորմալ պետությունները, առաջնորդվում են իրենց շահերով: Տվյալ դեպքում ՌԴ-ն ու ԱՄՆ-ը մտավախություն ունեն, որ իշխանափոխության պարագայում տարածաշրջանում նոր՝ ավելի դաժան պատերազմ է բռնկվելու, ինչն իրենց շահերից չի բխում: (Ճիշտ է, դեռ հարց է, արդյո՞ք նույնը տեղի չի ունենա, եթե ներկայիս վարչապետը պահպանի իր աթոռը):

Բայց ինձ նաեւ մեկ այլ հարց է հետաքրքրում՝ արդյո՞ք 2018 եւ 2021 թվականներին Հայաստանի ժողովուրդն ընտրել է ժողովրդավարությունը: Արդյո՞ք 1933 թվականին գերմանացի ժողովուրդը, խորհրդարանական ընտրություններում ձայն տալով նացիոնալ-սոցիալիստական կուսակցությանը, ցանկանում էր, որ Գերմանիայում ժողովրդավարություն հաստատվի: Ակնհայտ է, որ՝ ոչ: Գերմանացիներն ուզում էին «վրեժխնդիր» լինել Առաջին աշխարհամարտում ստորացուցիչ պարտության համար, ուզում էին պատժել այդ պարտության գլխավոր «մեղավորներին»՝ հրեաներին: Բնականաբար, ռեժիմների մեջ համեմատության ոչ մի եզր չկա: Խոսքը քաղաքացիների մեծամասնության մոտիվացիայի մասին է: Հայաստանում հիշյալ ընտրությունների ժամանակ այդ մեծամասնությունը ղեկավարվում էր ոչ թե ժողովրդավարության մասին տեսլականներով, այլ՝ իրեն ստորացրած, իրեն կեղեքած, իր համար ատելի իշխանությունից վրեժ լուծելու կրքով: Մի խոսքով՝ ղեկավարվում էր ատելությամբ եւ թշնամանքով, որոնք ժողովրդավարության հետ, իմ կարծիքով, անհամատեղելի են:

Ժողովրդավարությունն, իմ ընկալմամբ, առաջին հերթին այլընտրանքային կարծիքի հանդեպ հանդուրժողականություն է: Երբ «ժողովրդավարները» կոչ են անում ոստիկաններին՝ «լխկել» ցուցարարներին, ես կասկածի տակ եմ դնում նրանց ժողովրդավար լինելու հանգամանքը»:

Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր