211652_close_icon
views-count1633 դիտում article-date 13:39 13-05-2022

Մենք չէինք նախատեսել, որ բեռնափոխադրումների ամբողջ ծավալը պետք է տեղափոխվի Տաթև-Աղվանի հատված. Փաշինյան

Նախորդ տարի Սյունիքի մարզում արտակարգ ռեժիմով կառուցվեց  Տաթեւ-Աղվանի ճանապարհը, բայց երբ նախագծում էինք, չէինք  նախատեսել, որ բեռնափոխադրումների ամբողջ ծավալը պետք է տեղափոխվի  այդ հատված: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ճանապարհը ավելի շատ միջհամայնքային ու տուրիստական նշանակության  ճանապարհ էր նախատեսվել, դրա համար խնդիրներ են առաջացել: Կաշխատենք, որ ճանապարհը բերենք պատշաճ տեսքի, բայց մի բանում վստահ ենք, որ բոլոր նախագծերն իրականացնելու դեպքում կունենանք շատ ավելի լավ, շատ ավելի արագընթաց ճանապարհ, որը հետագայում նաեւ Հյուսիս-Հարավի կառուցելուց հետո կվերադառնա իր նախկին նշանակությանը: Հիմա մենք հանգամանքների բերումով Սյունիքում շատ խիտ ճանապարհային ցանց ենք ստեղծում,  ինչը շատ կարեւոր ներդրում է նաեւ մարզի զարգացման առումով»,- ասաց նա:

Վարչապետը նաեւ խոստովանեց, որ Հյուսիս-Հարավի Շիրակի մարզ տանող ճանապարհի հետ կապված եւս խնդիր կա. «Բոլորդ եք տեսնում, որ ճանապարհն այնքան էլ հարմար չի, բայց ինչպես պայմանավորվել ենք,  պետք է ամեն ինչ անենք, որ Հյուսիս-Հարավի մի ուղղությունը օր առաջ շահագործման հանձնենք, որպեսզի դեպի Շիրակ գնալու ժամանակահատվածը էականորեն կկրճատվի: Սա շատ էական հարց է»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Տաթեւ-Աղվանի ճանապարհի շտապ կառուցումը պայմանավորված էր նրանով, որ Գորիս-Կապան ճանապարհին կանգնած են ադրբեջանցիները:

Նմանատիպ նյութեր