211652_close_icon
views-count5755 դիտում article-date 15:49 13-12-2017

Բավրայի արդիականացված անցակետով բեռնափոխադրումների ծավալը 20-30%-ով ավելացել է. Հյուսիսային մաքսատուն-վարչության պետ

Հայաստանի հյուսիսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողությունն իրականացվում է Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի նորակառույց անցակետում. «Բավրայի արդիականացված անցակետում կտրուկ մեծացել է թողունակությունը: Նորագույն տեխնոլոգիաները հնարավորություն են ստեղծում, որպեսզի ավելի արագ և որակով սպասարկում իրականացնենք: Արդեն իսկ 20-30 տոկոսով ավելացել է միայն բեռնափոխադրումների ծավալը: Միջինը օրական սպասարկում ենք շուրջ 150 բեռնատար և 240 մարդատար ավտոմեքենա»,-տեղեկացրել է Հյուսիսային մաքսատուն-վարչության պետ Սուրեն Ղազարյանը։ Պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքային փոփոխությունների արդյունքում, մաքսային ձևակերպումներն իրականացվում են նաև տարածքային ստորաբաժանումներում: Ըստ Սուրեն Ղազարյանի, հեռավոր մարզերից Երևան հասնելու անհրաժեշտությունը վերանում է. Շիրակի մարզի բնակիչները նույն գործընթացը կարող են կատարել Գյումրիիում՝ Հյուսիսային մաքսատուն-վարչությունում: Իսկ մաքսային ձևակերպումների պարզեցման արդյունքում, փաստաթղթերի արժանահավատության դեպքում տարածաշրջանում գործող տնտեսվարողները նույնպես Գյումրիում կարող են բեռը ձևակերպել գործարքի գնի մեթոդով: «Ներդրվել է նաև մաքսային ձևակերպումների վայրի տեղորոշման նոր մեխանիզմ: Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողն այժմ կարող է հայտարարագիրը գրանցել, օրինակ, Սյունիքում՝ Հարավային մաքսատուն-վարչությունում, սակայն հսկողական բոլոր գործողություններն իրականացնել Բավրայի մաքսային կետում»,-նշել է Հյուսիսային մաքսատուն-վարչության ղեկավարը: Հյուսիսային մաքսատուն-վարչությունում արձանագրում են, որ վերջին շրջանում Շիրակի մարզում ավելացել է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների թիվը՝ հասնելով շուրջ 1360-ի: «Հուլիսից գործառույթների ընդլայնման և բարեփոխումների արդյունքում մաքսային վճարների մուտքերն ավելացել են 110 միլիոն դրամով»,-տեղեկացրել է Սուրեն Ղազարյանը: Կառույցի ղեկավարի հավաստմամբ՝ աշխատակիցների առջև հստակ խնդիր է դրված՝ բիզնեսին և քաղաքացիներին մատուցել արագ ու որակյալ ծառայություն՝ սպասարկումն իրականացնելով «մեկ պատուհան» սկզբունքով:

Նմանատիպ նյութեր