211652_close_icon
views-count1874 դիտում article-date 21:00 10-05-2022

Շիրակի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել մարզի դպրոցների տնօրենների հետ՝  նախազգուշացնելով դպրոցի տնօրենի պաշտոնին հավակնելիս չփորձել  նախապես տեսնել մարզպետին

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդլայնված խորհրդակցություն անցկացրեց մարզի դպրոցների տնօրենների հետ՝  նախազգուշացնելով բացառել  ցանկացած տիպի դրամահավաք, դպրոցը զերծ պահել քաղաքականությունից, դպրոցի տնօրենի պաշտոնին հավակնելիս էլ  չփորձել  նախապես տեսնել մարզպետին։

«Մարզպետը չի միջամտում տնօրենի ընտրությանը, շատերդ այստեղ ներկա եք, կփաստեք, որ ձեզ ընդունել ու ծանոթացել եմ , երբ խորհրդի կողմից մրցույթն անցկացվել է ու ճանաչվել եք հաղթող։ Այս պարագայում որոշումը ստորագրելուց առաջ նոր ծանոթանում եմ շատ տնօրենների հետ։ Կան մարդիկ, որոնք պաշտոնավարել են, կան մարդիկ, որոնք նոր են նշանակվել, ինձ համար սկզբունք է, որ որևէ տնօրեն, կներեք այս բառի համար, կարող է կոպիտ հնչի,  չհամարձակվի մարզպետի մոտ գալ մինչև նշանակումը ինչ-ինչ գործընթացների։

Այո, շատ միջամտություններ եղել են, շատերը փորձում են զարտուղի ճանապարհներով հասնեն, որ մարզպետին տեսնեն, չէ՛, ժողովուրդ, այդ արատավոր համակարգին մենք վերջ ենք դրել»,-ասաց Նազելի Բաղդասարյանը։ Նա հորդորեց բոլոր նրանց, ովքեր իրենց թեկնածությունն են առաջադրելու դպրոցի տնօրենի թափուր պաշտոնում, որևէ կերպ կապի դուրս չգան մարզպետի հետ, քանի որ այդ թեկնածուն ինքնըստինքյան կդառնա ոչ ցանկալի։

Նա անդրադարձավ դպրոցներում արձանագրվող դրամահավաքներին՝ հանձնարարելով խստիվ արգելել դրանք։  Նազելի Բաղդասարյանը հայտարարեց, քանի դեռ Շիրակի մարզպետն ինքն է, բացառում է որևէ կոռուպցիոն գործընթաց կրթական համակարգում։ «Խնդրում եմ խիստ հետևողական լինել այս գործընթացին, սոցիալական բազմաբևեռվածությունը շատ ավելի ցցուն կերպով արտահայտվում է ավարտական դասարանների միջոցառումների հետ կապված, որն անթույլատրելի է։ Կլինեն մարդիկ, որոնք կկարծեն,թե ինչքան էլ  հորդորենք, չի հաջողվի խուսափել  այդ արատավոր երևույթից, բայց հավատացնում եմ ձեզ ՝միանգամայն հնարավոր է խուսափել այդ երևույթներից։

Բնականաբար, կլինեն դասարաններ ու երեխաներ, որոնք կուզենան ինչ-որ կերպ նշել, կարևորել այդ օրը, բայց հավատացեք առանց ավելորդ գումարների էլ դա հնարավոր է անել։ Խստիվ արգելել դրամահավաքներն ավարտական բոլոր դասարաններում։ Սա ոչ միայն 12-րդ դասարանին է վերաբերում, այլ  4-րդ դասարանին, 9-րդ դասարանին և դրանցից ածանցյալ տարբեր գործընթացներին։

Խնդրում եմ ավելի նրբանկատ լինել այն աշակերտների նկատմամբ, որոնք ավելի խոցելի սոցիալական խմբերում են և ձեր հնարավորությունների շրջանակում զրույց ունենալ այս աշակերտների հետ, որովհետև դժգոհությունները հիմնականում այս աշակերտների կողմից են և կարծում եմ, որ իրենք ավելի անկեղծ են։ Չեմ բացառում լինեն ծնողներ, որոնք ասեն՝ իմ երեխաները ինչպես ուզեն, ոնց ուզեն, իրենք իրենց երեխաների հետ ինչպես ուզեն, ոնց ուզեն, կարող են վարվել բացառապես տանը, բայց դպրոցի պատերի ներքո սոցիալական որևէ շերտի տարբերություն չպիտի զգացվի»,- ասաց մարզպետը։ Նազելի Բաղդասարյանն անդրադարձավ նաև դպրոցներում պարտադրվող  նույնանման հագուստներին, ասաց, որ իր համար անընդունելի է։ «Եթե ձեզ թվում է, որ նմանատիպ հագուստով աշակերտներին կարելի է բերել նույն հարթության վրա, չարաչար սխալվում եք, այդ հագուստները կարելը կրկին ծախսերի հետ է կապված, իսկ որքան հասարակ, այնքան լավ։ Սրանով պիտի արձանագրեմ, որ հատկապես վերջին տարիներին ավագ դասարանների աշակերտների և շատ հաճախ ուսուցիչների մեջ տարբերությունը շատ քիչ է։

Այսինքն՝ հատկապես իգական սեռի ներկայացուցիչները բավական պճնված են գալիս և ուսուցչի հետ համեմատելով՝ տարբերությունը չես տեսնում։ Ես չգիտեմ ինչպիսին են հիմա վարքերը, մոտեցումները, բայց երբ որ ես էի դպրոցական, մեր տարիքում անգամ եղունգները լաքապատել չէր կարելի, քանի դեռ դպրոցում սովորում էիր։ Հիմա մի փոքր ամեն ինչ փոփոխվել է, ես չեմ ուզում բռնանալ  որևէ աշակերտի իրավունքներին, բայց եկեք դպրոցը պահենք դպրոցին հարիր, բազմաթիվ շքեղություններ թույլ չտանք, որ դպրոց բերվեն և շատ դեպքերում ուսուցիչը մտնելով կաշկանդված չզգա աշակերտների ներկայությունից»,-ասաց մարզպետը։

Նազելի Բաղդասարյանը նշեց նաև, որ դպրոցը պետք է դուրս  լինի ցանկացած քաղաքական գործընթացից։ Նրա հաշվարկով, 29 դպրոցներում մրցույթներ են անցկացվել  և  որևէ տեղ որևէ քաղաքական միջամտություն չի եղել ։ «Որևէ քաղաքական հայացքի չպետք է հարի դպրոցը, դպրոցը կրթության և դաստիարակության տեղ է։ Սա խնդրանք ընդունենք, եթե խնդրանքը ի կատար չի ածվում, դրան հաջորդում են ավելի ծանր գործընթացներ»,- նախազգուշացրեց Նազելի Բաղդասարյանը։

Նա անդրադարձավ նաև ուսուցչական կազմը երիտասարդացնելուն,  նշեց, որ հարգում է վաստակը, սակայն  պիտի սերնդափոխություն լինի դպրոցներում, պիտի երիտասարդներին տեղ տալ, որպեսզի նորարարական մեթոդներն էլ օգտագործվեն։ Անդրադարձավ նաև ուռճացված հաստիքներին։ «Դպրոցներ ունեք, որտեղ պահակի հաստիքը զբաղեցնում է 82 տարեկան պապիկ, 79 տարեկան պապիկ, կներեք ի՞նչն է հսկում,  ասենք դպրոցի վրա ավազակային հարձակում լինի, պապիկն ինչ է անելու», -հարցրեց մարզպետը։

 Շիրակի մարզպետարան
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր